ՊԵԿ նախագահի տեղակալը ԱՄՆ-ում դատապարտվել է սպանության սպառնալիքի և հետապնդման համար

ՊԵԿ նախագահի նորանշանակ տեղակալ Արա Գաբրիելյանը պարզվում է ԱՄՆ-ում դատապարտվել է:  Արա Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործի մանրամասների մասին գրել են ամերիկյան հայտնի պարբերականներ:
Այսպես, 2004 թվականի օգոստոսի 29-ին ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել էր 32-ամյա հայազգի Արա Գաբրելյանին՝ GPS-ի միջոցով 35-ամյա նախկին ընկերուհուն հետապնդելու համար։ Նա տեղորոշման համակարգն ամրացրել էր կնոջ ավտոմեքենային։ Այս մասին գրել էր ամերիկյան Fox News պարբերականը:

 
Հետապնդումից բացի, նրան մեղադրել են նաև քրեական սպառնալիքի երեք կետով։ 500 հազար դոլար գրավի դիմաց նրան ազատ են արձակել։
 
Ոստիկանության հաղորդմամբ՝ օգոստոսի 16-ին Գաբրիելյանը կնոջ ավտոմեքենային ամրացրել էր բջջային հեռախոս՝ շարժման փոխարկիչով, որի շնորհիվ սարքը միացել է մեքենայի ընթացքի ժամանակ։ Այն արբանյակային ազդանշան է ուղարկել վեբ կայք և թույլ տվել Գաբրիելյանին հետևել կնոջ տեղաշարժին։
Գաբրիելյանի նախկին ընկերուհին դրա մասին իմացել է այն ժամանակ, երբ մի օր նրան հայտնաբերել է մեքենայի տակ՝ հեռախոսի մարտկոցը փոխելիս։
 
Ոստիկանության տվյալներով՝ Գաբրիելյանը մոտ 6 ամիս սպառնացել է սպանել իրեն և նախկին ընկերուհուն։ 
Politik.am-ին հաջողվեց գտնել նաև Արա Գաբրիելյանի դատական վճռին վերաբերվող հրապարակում, որտեղ գրվում է, որ նա դատապարտվել է 16 ամսվա ազատազարկման և 9 ամիս պատիժ կրելուց հետո արտաքսվել է Հայաստան. «Այս տարվա հունվարին նախնական դատական նիստի ժամանակ Արան իր իրավաբանների հետ միասին մասնակցում էր դատական նիստին` հայացքը կենտրոնացնելով Գայանեի վրա, երբ վերջինս երդման ներքո ցուցմունք էր տալիս։ Արան իրեն ճանաչեց ոչ անմեղ, ոչ մեղավոր` սույնով ըստ էության «խուսափելով» դատական քննությունից։ Նա դատապարտվեց 16 ամիս ազատազրկման նահանգային քրեակատարողական հիմնարկում (պատժի կրման վայր)։ Կրելով սահմանված պատժի 9 ամիսը` 2015թ. Օգոստոս 16-ին` Ֆեդերալ միգրացիոն ծառայության կողմից արտաքսվել է Հայաստանի Հանրապետություն»:
Ի դեպ, Արա Գաբրիելյանի պաշտոնական կենսագրությունում աշխատանքային գործունեությունը սկսվում է 2006 թվականից և նշված չէ, թե մինչ այդ ինչով է զբաղվել:

Այս թեմայով