ՊԵԿ-ը հաղորդում է, որ հունվար-ապրիլին 14.5 մլրդ դրամով գերակատարել է բյուջեով նախատեսված մուտքերը

2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ապահովել է աննախադեպ ցուցանիշ` 14.5 միլիարդ դրամով գերակատարելով բյուջեով նախատեսված մուտքերը, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Պետական բյուջեի եկամուտը կազմել է շուրջ 390 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապահովելով 7.5 տոկոս կամ 27.3 միլիարդ դրամի աճ: Ապրիլին ՊԵԿ-ն ապահովել է ավելի քան 130 միլիարդ դրամ, որից 108.3 միլիարդ դրամը գանձվել է հարկային, իսկ 22 միլիարդ դրամը՝ մաքսային մարմինների կողմից: 50 միլիարդ դրամով նվազել են գերավճարները: Ապրիլին 9 միլիարդ դրամ ավելացված արժեքի հարկ է վերադարձվել բիզնեսին», — ասված է հաղորդագրությունում:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը բարձր է գնահատել ապրիլի ցուցանիշները՝ հանձնարարական տալով մայիսին և 2018-ի ընթացքում նույնպես պահպանել առաջանցիկ տեմպերը:

Հաղորդագրության համաձայն՝ «ՊԵԿ-ի առաջանցիկ ցուցանիշը ոչ միայն տնտեսական աճի, այլև ստվերի դեմ պայքարի և վարչարարության արդյունք է»:

 


Այս թեմայով