ՊԵԿ առաջարկությունները անհամաչափ բեռ են ավելացնում ՀԿ-ներին. Թրանսփարենսի ինթերնեշնլ

Ս.թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հրապարակել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ), որը փոփոխություններ է առաջարկում հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ ՀԿ) կողմից հաշվետվությունների ներկայացման պահանջներում:

«Հասարակական կազմակերպությունների մասին» ներկայիս օրենքը (2016թ.) նախատեսում է հրապարակային հաշվետվողականություն հանրային միջոցներ (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցներ) ստացող հասարակական կազմակերպությունների համար:Նախագծով առաջարկվում է խստացնել հրապարակային հաշվետվությունների ներկայացման պահանջը` տարածելով այն բոլոր հասարակական կազմակերպությունների վրա` անկախ նրանց ֆինանսավորման միջոցներից, և ներառելով անձնական տվյալներ շնորհատուների, ինչպես նաև ֆինանսավորում ստացող անդամների, կառավարման մարմինների, աշխատակազմի ու կամավորների մասին: Ըստ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած գլխավոր հիմնավորման` «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների անհրաժեշտությունը  պայմանավորված է ՔՀԿ-ների թափանցիկության և հանրային հաշվետվողականության բարելավման, ինչպես նաև օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձևակերպումները հստակեցնելու հանգամանքներով: Այլ պատճառաբանությունների շարքում ՊԵԿ-ը նշել է, որ դժվար է սահմանել «հանրային միջոցներ» հասկացությունը, բացի այդ կա անհրաժեշտություն կանխարգելելու փողերի լվացումը:

Հարկ է նկատել, որ 2016թ. դեկտեմբեր ՀԿ-ների գործունեության համապատասխանությունը օրենքին վերահսկվում էր ՀՀ արդարադատության նախարարության, իսկ ֆինանսական գործառնությունները` հարկային պետական ծառայության կողմից: «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի ընդունմամբ՝ օրենքին համապատասխանության վերահսկողության գործառույթն անցավ ՊԵԿ-ին, և այդ նպատակով ստեղծվեց հատուկ ստորաբաժանում: Առհասարակ, հասարակական կազմակերպություններն իրենց ֆինանսական գործարքների, այդ թվում՝ եկամուտների ու ծախսերի վերաբերյալ հաշվետվություն են ներկայացնում հարկային մարմիններին, ուստի ներմուծված նոր մեխանիզմն իրենից ներկայացնում է ՀԿ-ների կրկնակի վերահսկողություն հարկային մարմինների կողմից: Պետք է նշել, որ տվյալ դրույթը հայտնվել է օրենքում ՀՀ ազգային ժողովում վերջին ընթերցման ժամանակ և նախապես չի քննարկվել ո՛չ ՀԿ-ների, ո՛չ էլ ՊԵԿ-ի հետ:

«Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում առաջարկված նոր փոփոխությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս: Դրանք չհիմնավորված և անհամաչափ բեռ են դնում հասարակական կազմակերպությունների վրա` առանց պատշաճ հիմնավորման և առանց հստակեցնելու դրա անհրաժեշտությունը ժողովրդավարական հասարակությունում՝ այդպիսով սահմանափակելով ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված, ինչպես նաև պետության կողմից այլ միջազգային պարտավորություններով ստանձնած միավորումների ազատությունը: Մասնավորապես.

  1. Հանրային միջոցներ ստացող կազմակերպությունների կողմից հրապարակային հաշվետվություն ներկայացնելու մասին դրույթը ներառվել է 2016թ. դեկտեմբերին ընդունված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում հանրային լայն քննարկումների արդյունքում՝ նպատակ ունենալով ապահովել հանրային ծախսերի թափանցիկությունը: Նման դրույթը մտցվել է հիմք ընդունելով այն իրողությունը, որ  պետական հաստատությունների կողմից միլիոնավոր դրամներ էին հատկացվում հանրությանը անհայտ ՀԿ-ների, որոնց գործունեության, նվաճումների և ստացած դրամաշնորհների արդյունքների մասին որևէ հանրային տեղեկություն առկա չէր: Ավելին, կային դրամաշնորհառուներ, որ փոխկապակցված էին պետական պաշտոնյաների, ինչպես նաև միմյանց հետ: Դրամաշնորհառուների ընտրությունն իրականացվում էր ամբողջովին ոչ թափանցիկ և խիստ կասկածելի եղանակով:

Ակնհայտ է, որ հանրային միջոցներից օգտվող կազմակերպությունները գտնվում են այլ ՀԿ-ներից տարբեր իրավիճակում և նրանք պետք է հանրության առջև հաշվետվողականության ավելի մեծ բեռ կրեն: Ուստի, հստակ և կոնկրետ պատճառ կար «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում ձևակերպելու ավելի մեծ հաշվետվողականության պահանջ այն ՀԿ-ների նկատմամբ, որոնց վստահված էր հանրային միջոցների կառավարումը:

  • Համաձայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և Վենետիկի հանձնաժողովի «Միավորումների ազատության մասին» համատեղ ուղեցույցի` «104. Իրավաչափ է հաշվետվողականություն և թափանցիկություն պահանջել միավորումների ձեռք բերած միջոցների մասին: Այդուհանդերձ, նման պահանջը չպետք է անհարկի ծանր բեռ լինի, և պետք է լինի միավորման չափին և գործունեության շրջանակին համաչափ՝ հաշվի առնելով նրա գույքի և եկամուտների ծավալը»:

Այս թեմայով