Պե՞տք է օրինականացնել մարիխուանայի օգտագործումը Հայաստանում

Տարիներ շարունակ միջազգային խոշորագույն կառույցները տարբեր մոնիթորինգների և ուսումնասիրությունների միջոցով փորձել և փորձում են հասկանալ թմրանյութի, իսկ ավելի կոնկրետ մարիխուանա կոչվող հոգեմետ նյութի օգտագործումը տեղափոխե՞լ օրինական դաշտ, թե՞ ոչ՝ այդ ամենը թողնելով պետությունների ներքին հայեցակարգերին :  Վերջին տարիների ընթացքում բազմաթիվ պետություններ մարիխուանա կոչվող թմրանյութի օգտագործումը ապաքրեականացրել են՝ այդ կերպ ստվերից բերելով օրինական հարկվող դաշտ:

Վերջին նմանօրինակ քայլը կատարեց հարևան Վրաստանը: Վերջինիս Սահմանադրական դատարանը հինգշաբթի օրը բավարարել է «Գիրչի» կուսակցության անդամ Գիվի Շանիձեի հայցը և չեղարկել քրեական պատասխանատվությունը մարիխուանա օգտագործելու համար, իսկ դատարանի որոշման մեջ ասված է, որ մարիխուանայի օգտագործումը չի ընկնում «թմրանյութեր անօրինական պատրաստելու, ձեռք բերելու և պահելու» հոդվածի տակ, քանի որ այն հակասում է Վրաստանի Սահմանադրությանը, ըստ որի՝ յուրաքանչյուր ոք իր անհատականությունը զարգացնելու իրավունք ունի:

 Այս առիթով Politik.am-ի հարցմանը, թե արդյոք իրավական առումով ճի՞շտ և հնարավո՞ր է մարխուանայի ապաքրեականացումը Հայաստանում, և որ այն հուզում է ՀՀ բազմաթիվ քաղաքացիների,  ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը պատասխանել է. «Երևի թե այս հարցը միջազգային պրակտիկայում ամենաշատ բանավեճերի տեղիք տվող հարցերից է, քանի որ ինչքան էլ որ որոշակի դեպքերում, օրինակ՝ մի շարք հիվանդությունների պարագայում (էպիլեպսիա, քաղցկեղ և այլն) դրանք ունեն որոշակի դրական ազդեցություն, այնուամենայիվ մարիխուանայի օգտագործումը կարող է ունենալ նաև բացասական ազդեցություն օրգանիզմի վրա: Այս առումով չկա մեկ ամբողջական և միասնական պատկեր, թե ի վերջո ինչպիսին է մարիխունայի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: Յուրաքանչյուր պետություն, երբ որոշում է ապաքրեականացնել մարիխուանայի օգտագործումը, անցնում է բավական երկար ճանապարհ, գնահատում է այդ բոլոր բացասական և դրական հետևանքները, հասարակական ընկալումը և տալիս համապատասխան կարգավորում» :

Իր հերթին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշել է, որ մարիխուանայի օգտագործման վնասակարության մասին դատողությունները երբեմն չափազանցված են, և բազմաթիվ քաղաքակիրթ պետություններ անցնում են վերջինիս օգտագործման ապաքրեականացման.«Այս պայմաններում տվյալ երկրները, այդ թվում Վրաստանը, փորձում են մարիխուանայի օգտագործումը ստվերից տեղափոխել տեսանելի դաշտ և դարձնել առավել թափանցիկ: Իսկ դրա օգտագործումը պետք է պայմանավորված լինի մարդու գիտակցական ընտրությամբ: Եթե մարդը ցանկանում է օգտագործել, կօգտագործի նաև արգելքի դեպքում, եթե ոչ, ապա չի օգտագործի թույլատրված լինելու պարագայում»:

Politik.am-ը այս հարցին կփորձի հետևողական լինել՝  փորձելով հասանելի դարձնել նաև հանրության կարծիքը:

 


Այս թեմայով