Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի արդյունավետությունը զրո է

նաիրաԱզգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է անցկացնում: Օրենսդիր մարմինը քննարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարի գանձումը մասնավոր հատվածից հետաձգել՝ նախատեսված 2017թ. երկարաձգելով մինչև 2018 թվական:

Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց՝ այդ հանգամանքը պայմանավորված է հարկային նոր օրենսգրքի ընդունմամբ, որն ուժի մեջ կմտնի 2017թ-ի վերջին,  ինչից հետո անհրաժեշտություն կառաջանա ապահովել հարկային համակարգի էլեկտրոնային ծրագրերի համատեղելիությունը կենսաթոշակային համակարգի էլեկտրոնային ծրագրերի հետ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենց «չի հետաքրքրում հետաձգման մոտիվացիան», սակայն խնդրեց նախարարին պարզաբանել՝ ո՞ւր են գնում պետական հատվածից գանձված պարտադիր վճարումները:

«Քանի քաղաքացի է կամավոր միացել այդ համակարգին եւ այդ շահութաբերությունն ո՞ւր է երևալու, որտե՞ղ եւ ո՞ւմ համար են ծախսվելու»,- հարցրեց տիկին Զոհրաբյանը:

Նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց ունեցած վերջին տվյալները:  «Ամփոփ տեղեկատվություն չունեմ, 2016թ. դրությամբ 235 անձ կամավոր դիմում է գրել՝ մասնակցելու այդ համակարգին»,- նշեց նա՝ հավելելով նաեւ, որ ֆոնդերի աշխատանքի եկամտաբերությունն առաջին հերթին ուղղված է մասնակիցներին:

Նաիրա Զոհրաբյանի արձագանքը հակիրճ էր. «Շատ հետաքրքիր թիվ  է՝  ընդամենը՝ 235, կարծում եմ՝ այս թիվը խոսում է 0 արդյունավետության մասին»:

Դիտվել է 148 անգամ
 


Այս թեմայով