Տարկետման իրավունքը խիստ սահմանափակվում է

Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որով պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է շարքային կազմի համար` 24 ամիս, իսկ ՊՆ-ի հետ պայմանագիր կնքած պարտադիր զինծառայողների համար՝ 3 տարի, տարկետման իրավունքը խիստ սահմանափակվում է:

Ըստ այդմ` պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի ցանկից հանվել է զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս կամ ՀՀ պաշտպանությանը մասնակցելիս զոհված (մահացած) հայր (մայր), քույր (եղբայր) ունեցող և ընտանիքի միակ արու զավակը հանդիսանալու հիմքով զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքը, գիտական աստիճան ունենալու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքը գործելու է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հստակեցվել են շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչերից տարկետման հիմքերը, ուսումը շարունակելու կապակցությամբ տարկետման իրավունքը փոխարինվել է նպատակային ուսումնառության համար տարկետումով, որի համաձայն՝ բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող են ստանալ միայն ՀՀ պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած («Պատիվ ունեմ» ծրագիր) կամ հանրակրթական և նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորող քաղաքացիները:

«Երեխան 14 տարեկան է, արդեն Ռուսաստանի քաղաքացի է: Տղա երեխա ունեցողները սկսել են երեխաներին դուրս հանել: Նման խնդիր կա, սա պետք է ուսումնասիրել և հասկանալ»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը` մտահոգություն հայտնելով, որ զինծառայության այս փոփոխությունները նպաստում են արտագաղթի աճին:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չհամաձայնեց. «Ես չեմ կարծում, որ մեր օրենսդրությունը միտված է նրան, որ տարկետումներից օգտվելու սահմանափակումը արտագաղթին նպաստի»:

Ըստ նրա` առաջին զորակոչի ժամանակ (18 տարեկանում) չզորակոչված քաղաքացիներից հետագայում զորակոչվում է շատ քիչ մասը, հետևաբար` ՊՆ քաղաքականությունը չի կարող հենվել նրա վրա, որ ավելի քիչ տարկետումի տեղ թողնեն, որ արտագաղթը նվազի:

«Արտագաղթի դեմն առնելը շատ ավելի երկարատև և հետևողական քաղաքականության արդյունք պետք է լինի, որը չի կարող հենվել զինծառայությունից լրացուցիչ խուսափելու հնարավորությունների վրա»,- ասաց Վ.Սարգսյանը:

Անդրադառնալով խնդրին, որ խաղաղ ժամանակ չծառայած անձինք զորակոչվեն պատերազմի ժամանակ, Վ.Սարգսյանը նշեց. «Եթե գտնում ենք, որ մարդը խաղաղության ժամանակ ոչ պիտանի է զինծառայության համար, պատերազմի ժամանակ եթե տանենք, կլինի «пушечное мясо»: Եթե խաղաղ ժամանակ չենք նախապատրաստել նրան, պատերազմի ժամանակ տանում ենք, որ ի՞նչ անենք: Եթե պիտանի չէ, ուրեմն՝ պիտանի չէ»:

 


Այս թեմայով