Պարոնայք իշխանավորներ հեռու մնացեք ժողովրդի գրպանից. Փաշինյանը փոշմանել է

Կառավարությունը երեկ հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով 2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը:

Այս փոփոխությունը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, թե որքան պոպուլիստական է եղել Հայաստանում ընդդիմությունը: Վառ օրինակ է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ 2014 թվականին  պարտադիր կուտակային համակարգի ամենավառ քննադատներից էր: Փաշինյանը ելույթ էր ունենում «Դեմ եմ» շարժման հանրահավաքներին, հարցազրույցներ էր տալիս, դիմում Սահմանադրական դատարան, որպեսզի հանրությանը համոզի, որ այս համակարգը չարիք է ու դա հասարակ մարդկանց գրպանները մտնելու փորձ է: 2014 թվականի մարտի 22-ին «Դեմ եմ» շարժման կազմակերպած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բառացիորեն հայտարարել է.«….Սերժ Սարգսյանի գլխավոր փաստարկն այն է, որ Հայաստանին հարկավոր են երկար և էժան փողեր՝ տնտեսության մեջ ներդնելու համար: Պարոնայք իշխանավորներ դուք սխալ տեղ եք փողեր փնտրում, որովհետև թալանված ժողովուրդը փող չունի այլևս, հեռու մնացեք նրա գրպանից: Եթե երկար ու մեծ փողեր եք ուզում դիմեք ուրեմն ներկա և նախկին կոռումպացված  պաշտոնյաների, օլիգարխների գրպաններին….»,-հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ Հայաստանի հանրության 80 տոկոսը դեմ է պարտադիր կուտակայինին և ուրեմն իշխանությունները պետք է ենթարկվեն հանրության պահանջին:

Ի՞նչ է փոխվել հիմա, որ արդեն իշխանության գլուխ կանգնած Նիկոլ Փաշինյանը կյանքի է կոչում Սերժ Սարգսյանի կողմից հիմնված և ժողովրդի գրպանը մտնելու նպատակ հետապնդող ծրագիրը: Արդյո՞ք ժողովրդի 80 տոկոսը, այլևս դեմ չէ պարտադիր կուտակայինին և հետաքրքիր է, թե ինչպե՞ս են պարզել ժողովրդի տրամադրություններ: Իսկ գուցե՞ նախկին օլիգարխներից հետ են գանձել ու ժողովրդին են բաժանել թալանվածը ու հիմա ժողովրդի համար մեծ բեռ չէ պարտադիր կուտակայինը:

Իրականում ոչինչ էլ չի փոխվել: Ոչ երկիրը թալանողներն են վերադարձրել թալանածը, ոչ էլ հանրության 80 տոկոսն է փոխել իր կարծիքը ու հիմա մեծ սիրով պատարստ է իր եկամուտները պակասեցնել: Փոխվել է միայն մեկ բան՝ նախկին ընդդիմադիր պատգամավորը այժմ իշխանության է եկել ու այն փողերը, որոնք պետք էին Տիգրան Սարգսյանի կառավարությանը, պետք են նաև Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Ու եթե նախկինում որպես պատգամավոր Փաշինյանը կարող էր հայտարարեր ինչ ուզում էր, ապա հիմա պետք է նայի իրականությանը:

Այստեղ ցավալին այն է, որ հանրության մի ստվար զանգված հավատացել է ժամանակին, թե պայքարը պարտադիր կուտակայինի դեմ է եղել, իսկ իրականում այդ շարժումը և մի շարք այլ շարժումներ քաղաքական ուժերի համար հարմար գովազդային հարթակներ են եղել:

Հ.Գ. Այս ամենից հետո չեմ զարմանա, եթե մի օր էլ պարզվի, որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին օլիգարխներ չեն եղել, կամ օլիգարխները միայն Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ են «քըխ»բան եղել:

Անի Սահակյան

Նիկոլ Փաշինյանի ելույթը 2014 թվականին Դեմ եմ շարժման հանրահավաքի ժամանակ

 


Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache