Home » ՄԱՄՈՒԼ » Պարզվում է՝ Հայաստանում ամենից շատ պաշտպանության կարիք ունեցող խավը պաշտոնյաներն են

Պարզվում է՝ Հայաստանում ամենից շատ պաշտպանության կարիք ունեցող խավը պաշտոնյաներն են

8165«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ամենաշատը հետապնդվող, խեղճացած, պաշտպանության կարիք ունեցող խավը պետական բարձրաստիճան պաշտոնյաներն են՝ նախարարներ, գերատեսչությունների ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ։
Այս է պատճառը, որ հայրենի խորհրդարանի օրակարգում ժամանակ առ ժամանակ հայտնվում են նախագծեր, որոնց հիմնական նպատակը պետական պաշտոնյաներին ավելի պաշտպանված դարձնելն է։ Դեռ հանրությունը չէր հասցրել ամբողջությամբ մարսել պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու մասին օրենքի ընդունումը, սրան հաջորդեց Սահմանադրական դատարանի անդամներին աստղաբաշխական թոշակներ նշանակելու մասին օրենքի նախագիծը, սրանից հետո եկավ Քննչական պետական կոմիտեի մասին օրենքի նախագիծը, որի մեջ հատուկ գլուխ կա՝ նվիրված Քննչական կոմիտեի աշխատակիցների սոցիալական երաշխիքներին։ Ու երբ այդ գլուխը կարդում ես, տպավորություն է ստացվում, թե Հայաստանում այլեւս բնակվելու են երկու սորտի մարդիկ. Աղվան Հովսեփյանի քննչական կոմիտեի աշխատակիցները, որոնք լինելու են հանրության սերուցքը, եւ որոնց պաշտպանելու եւ պահպանելու համար պետությունը պետք է ջանք ու եռանդ չխնայի, եւ մնացածը երկրորդ սորտի մարդիկ, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր չեն աշխատելու քննչական կոմիտեում։

Սրանից հետո ԱԺ-ում քննարկվեց մի օրինագիծ, որը հույժ կարեւոր էր Հայաստանի ապագայի եւ ներկայի համար։ Բանն այն է, որ մինչեւ այժմ տեղի էր ունեցել մի հրեշավոր բացթողում, որովհետեւ օրենքը չէր նախատեսել, որ Քեթրինի Միհրանի կողմից ղեկավարվող ԴԱՀԿ աշխատակիցները կարող են պարգեւատրվել մեդալով, եւ հայրենի ԱԺ-ն, կառավարության հետ ուս ուսի տված, ի վերջո վերացրեց երկրի վրա կախված սպառնալիքը։

Հա, բայց սխալ չհասկանաք, էնպես չի, որ ԱԺ-ն ժողովրդի մասին չի մտածում. Էս վերջերս օրինակ գործազուրկներին զրկեցին նպաստից, վերջին քառօրյայում էլ օրենք ընդունեցին, որ հնարավորություն կտա բարձրացնել հասարակական տրանսպորտի ուղեվարձը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Դիտվել է 22 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy