Պարզաբանումներ եմ պահանջելու ոչ միայն Բելառուսի նախագահից, այլև Ղազախստանի. Նիկոլ Փաշինյան

Մեր Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է, հիմա պատկերացրեք՝ դա նույն իրավիճակը կլինի, եթե օրինակ՝ որևէ օտարերկրյա դեսպանին՝ ՀԱՊԿ անդամ երկրի դեսպան չհանդիսացող, հրավիրեմ ու պատմեմ դռնփակ նիստի մասին: Եթե նիստը փակ է, ուրեմն փակ խոսակցություն է:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Բելառուսի նախագահի ու Ադրբեջանի դեսպանի հանդիպմանը, որտեղ Լուկաշենկոն մանրամասներ էր պատմել ՀԱՊԿ նիստից: «Դա դռնփակ ֆորմատով տեղի ունեցած նիստ է, որտեղ ռազմաքաղաքական դաշինքի ղեկավարները քննարկում են անցկացնում, դա փակ խոսակցություն է դաշնակիցների միջև:

Եվ ես զարմացած եմ, որ 30 տարի նախագահի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ, և ես, իհարկե, պիտի պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն նրանից: Մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Նուրսուլթան Նազարբաևը՝ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ պատմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ վերջերս Աստանայում կայացած գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած քննարկումների մասին:

Նա նշեց, որ որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, քանի որ ՀԱՊԿ-ում որոշումը կոնսենսուսով է կայացվում:

Վարչապետի պաշտոնակատարը հավելեց, որ ՀԱՊԿ շրջանակներում պետք է հստակ խոսակցություն ունենալ դաշնակիցների հետ, որ կողմերից յուրաքանչյուրը հստակ իմանա, թե ինչ պարտավորություններ ու պարտականություններ ունի կազմակերպության ու նրա անդամ երկրների հետ:

Նա հավելեց, որ այս հարցը այսօր քննարկման թեմա է դարձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետո ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

Հարցին, թե հնարավոր է, որ ՀՀ-ն Բելառուսի թեկնածուի հարցում կոնսենսուսի գա, նա պատասխանեց, որ կոռեկտությունն ու հարգանքը գործընկերների նկատմամբ պահպանում են ու այս պահանջն են առաջ տանելու:

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Աստանայում կայացել էր կազմակերպության նիստը, սակայն որոշվել էր, որ գլխավոր քարտուղարի հարցի վերջնական որոշումը կկայացվի դեկտեմբերի 6-ին: Նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այս պաշտոնում գործել է նախատեսված 3 տարուց միայն մեկուկեսը:

 

Այս թեմայով