Պատրաստ ենք Հայաստանի արտոնյալ ռեժիմները տրամադրել Իրանի գործընկերներին. վարչապետ

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին «շատ լավ տրամադրությամբ են դուրս եկել բանակցություններից և շատ լավատես՝ դեպի հեռանկարներ»։

Այս մասին բանակցություններից հետո հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Ունեցել ենք կառուցողական և առարկայական հանդիպումներ։ Հանդիպման ընթացքում վերահաստատել ենք մեր բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը և խոսել բոլոր այդ թեմաներով», — ասաց վարչապետը։

Կարեն Կարապետյանն ընդգծեց՝ ամրագրել են, որ շահագրգռված են իրանական բիզնեսի, կապիտալի և իրանական ընկերությունների Հայաստան գալու հարցում։

«Այն արտոնյալ ռեժիմները, որ Հայաստանն ունի, պատրաստ ենք շատ բաց տրամադրել իրանական գործընկերներին», — նշեց Կարապետյանը։

Վարչապետն ասաց, թե կողմերը հաստատել են, որ պատրաստակամ են երկկողմ հարաբերությունների ծավալները մեծացնելու և վերացնելու այդ ճանապարհին առաջացող խոչընդոտները։

«Խոսել ենք տարածաշրջանում հնարավոր համագործակցության մասին։ Իրանի մեր գործընկերներին շնորհակալություն ենք հայտնել Լեռնային Ղարաբաղի հարցում իրենց դիրքորոշման համար», — եզրափակեց Կարեն Կարապետյանը։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով հոկտեմբերի 9-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է ԻԻՀ։

 


Այս թեմայով