Պատմական և վտանգավոր այց Մոսկվա. Ի՞նչ կստիպեն Սարգսյանին

սերժ պուտինԱրցախի հարցում լուրջ զարգացումներ են սպասվում: Համենայնդեպս նման կանխատեսումների առիթ են տալիս վերջին իրադարձությունները և խնդրի հետ կապված երկրների ղեկավարների հանդիպումները: Օգոստոսի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին Բաքվում հանդիպեցին Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևին: Նախագահները մի շարք հարցերի հետ միասին քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Օգոստոսի 9-ին ՌԴ այցելեց Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիպ Էրդողանը: Իհարկե այս  հանդիպման կիզակետում ռուս-թուրքական հարաբերություններն են, սակայն վստահաբար կարելի է ասել, որ քննարկվել է նաև ղարաբաղյան խնդիրը: Թուրքիան միանշանակ փորձելու  է առիթը օգտագործել և մեծացնել Հայաստանի նկատմամբ ճնշումները, որոնք իրականացվում են ՌԴ ձեռքով:

Օրերս ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը տարածեց հաղորդագրություն որում ասվում է.«Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը Մոսկվայում հանդիպում կունենա Նախագահ Պուտինի հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ»:

Սերժ Սարգսյանի ՌԴ այցից առաջ տեղի ունեցած հանդիպումները իսկապես մտորելու տեղիք է տալիս: Դժվար է ասել, թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենան, այն դեպքում, երբ արդեն երկար ժամանակ է ինչ հստակ տեղեկություններ են տարածվում, որ Սերժ Սարգսյանի սեղանին դրված է տարածքային զիջումների պահանջ, որը որքան հնարավոր է շուտ պետք է կյանքի կոչվի:

Իհարկե փորձագիտական որոշակի շրջանակներ պնդում են, որ «Սասնա Ծռեր» զինված խմբի գործողությունից հետո հայկական կողմի դիրքերն ամրացել են Արցախի հարցում, սակայն դժվար է ասել, այդ ավելացված իմունիտետը տալիս է գործող իշխանություններին այնքան հնարավորություն, որպեսզի դեմ դուրս գան ռուսական կողմի ճնշումներին: Այստեղ պետք է հիշել, որ ՌԴ գործիքակազմն  այնքան մեծ է՝ Հայաստանի գործող իշխանությունների վրա ճնշումներ բանեցնելու համար, որ դրանց շնորհիվ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին  սրնթաց կերպով Եվրոպա գնացող Հայաստանի իշխանություներին տարան Եվրասիա: Այդ ժամանակ էլ Սերժ Սարգսյանը գտնվում էր Մոսկվայում և ինչպես ինքն է հայտարարել՝ որոշումը կայացվել է մեկ գիշերվա ընթացքում:

Այնպես որ Մոսկվա կատարվելիք այցը պատմական է և վտանգավոր: Հստակ չէ արդյոք կստիպեն Սերժ Սարգսյանին գնալ զիջումների, թե  Սերժ Սարգսյանը կկարողանա ռուսական կողմին համոզել մի փոքր էլ սպասել:

 


Այս թեմայով