Պատկերազարդ պատմություն ռեկետաց

ճոՆախորդ օրը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կրկին խոսում էր Հայաստանում կոռուպցիայի նվազման մասին, ասում էր, որ երթեւեկության կանոնների խախտումների համար աստղաբաշխական տուգանքներ գանձելը պետական ռեկետ չէ եւ այլն: Ելույթը բոցաշունչ չէր, բայց հայ իրականությունից անտեղյակ մարդիկ կարող էին նույնիսկ արտասվել: Դժբախտաբար կամ բարեբախտաբար, Հայաստանում հայ իրականությունից անտեղյակ մարդիկ չկան այլեւս եւ նրա ելույթը դժվար թե որեւէ մեկին մոլորության մեջ գցի:

Այդուհանդերձ մի բան է իրականության զգացողական մակարդակով ընկալումը, եւ բոլորովին այլ` փաստերը: Եւ ուրեմն ներկայացնենք փաստեր, որոնք կապացուցեն, թե որքան միամիտ են հնչում արդարադատության նախարարի պնդումները: Իսկ փաստերը հավաքել ենք ընդամենը մեկ ժամվա ընթացքում մի փոքրիկ ճամփորդություն իրականացնելով Երեւան-Էջմիածին ավտոմայրուղում: Այս ճանապարհով երթեւեկող վարորդները շատ լավ պատկերացում կկազմեն ոչ միայն պետական ռեկետ հասկացողության, այլ դրա մասշտաբների  մասին: Երեւան-Էջմիածին մայրուղով ընթանալիս երթեւեկության կանոնների խախտում թույլ չտալը բավականին մեծ ճիգեր է պահանջում: Եւ դա ոչ այն պատճառով, որ մեր վարորդները այդ օրը արթնացել են խախտում թույլ տալու համառ մտադրությամբ: Պարզապես այդ մայրուղում այնպիսի սահմանափակումներ են դրված, որոնք, մեղմ ասած, տրամաբանական չեն: Թերեւս բավական է նշել, որ մայրուղու մեծ մասը վարորդը պետք է անցնի այն նույն արագությամբ, որով կարող է երթեւեկել Երեւանի ամենածանրաբեռնված փողոցներում, ասենք` Մաշտոցի պողոտայով կամ Սարյան փողոցով: Առավելագույն արագությունը, որը թույլատրված է Երեւան-Էջմիածին մայրուղում 60 կմ/ժամն է: Դե հիմա պատկերացրեք, թե քանի վարորդի նյարդերը կդիմանան այդ լեն ու բոլ մայրուղով 60 կմ/ժամ արագությամբ մեքենան վարելու համար: Վարորդների տրամաբանությունը եւ բնազդը ստիպում են շրջանցել այդ անբնական սահմանափակումը եւ մի փոքր մեծացնել արագությունը: Բայց այստեղ կան արագաչափ եւ մարաղ մտած ճանապարհային ոստիկանության բազմաթիվ մեքենաներ (նկարում): Եւ ահա, 10 հազար դրամանոց տուգանքը պատրաստ է: Ինչպես մի անգամ արդեն նշել էինք, Գերմանիայում այդ նույն խախտման համար տուգանքը 15 եվրո է, այսինքն 8 հազար 700 դրամ: Բայց եթե համադրենք միջին աշխատավարձերը եւ տուգանքի չափերը Հայաստանում ու Գերմանիայում, ապա կստացվի, որ Հայաստանում տուգանքները 11-12 անգամ ավելի բարձր են, քան Գերմանիայում: Ինչ է սա, եթե ոչ պետական ռեկետ: Եթե այդ մայրուղով թույլատրելի առավելագույն արագությունը բարձրացվի թեկուզ 10 կմ/ժամով, խախտումների թիվը եւ հետեւաբար նաեւ գանձված տուգանքների ընդհանուր ծավալը կարող են նվազել մի քանի տասնյակ անգամ: Այդ իսկ պատճառով սույն աննորմալ սահմանափակումը չի հանվում: Ինչ վերաբերում է մասշտաբներին, ապա երեկ, ընդամենը 20 րոպե հետեւելով մարաղ մտած ՃՈ մեքենաներից մեկին, արձանագրեցինք, որ այդ ընթացքում նշված անձնակազմը հասցրեց սահմանված արագությունը գերազանցած երեք մեքենա կանգնեցնել (լուսանկարները եւ տեսագրությունները առկա են): Օրը ունի 24 ժամ, իսկ մայրուղու վրա հերթապահում է միաժամանակ առնվազն երեք ՃՈ մեքենա: Թվաբանությունը թողնում ենք ընթերցողին:

Գրում է <<Հայկական Ժամանակ>> օրաթերթը

 


Այս թեմայով