Պատերազմի վտանգը մեծ է, այն կարող է վերսկսել օգոստոսի 5-15-ը

պատերազմՕգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտելէ 31 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց:

Օգոստոսի 2-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Գևորգ Արթուրի Հարությունյանը:

Վերջին օրերին իսկապես Ադրբեջանը սահմանին լարում է իրավիճակը: Ինչպես քաղաքագետներն են նկատում «Սասնա ծռեր» խմբի  գործողություններից հետո Արցախի հարցում էական փոփոխություն է տեղի ունեցել: Նման կարծիքի է մասնավորապես քաղաքագետ, դեսպան Արա Պապյանը: «Լրատվական Ռադիոյի» եթերում նա մասնավորապես հայտարարել է, որ «Սասնա ծռեր» խմբի գործողության շնորհիվ Հայաստանի դիրքերը ամրացան Արցախի հարցում:

Ահա կարծես Ադրբեջանը ևս նկատում է հայկական դիրքերի ամրացումը և փորձ է կատարում կրկին հիշեցնել խնդրի ռազմական լուծման հնարավորության մասին: Ադրբեջանը փորձում է ստեղծել իրական վտանգ, որպեսզի հայկական կողմին ստիպի ստորագրել այն պայմանների տակ, որը առաջարկում է Մոսկվան:

Այս իմաստով իրական վտանգներ է տեսնում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նա կարծում է, որ իրավիճակն այնքան անկանխատեսելի է, որ նախագահ Սերժ Սարգսյանը չպետք է հանրապետությունից երկար ժամանակաով բացակայի: Քաղաքագետը  անդրադարձել է, այն  տեղեկություններին, ըստ որոնց  Սերժ Սարգսյանը Հայաստանում չէ, Բրազիլիա է մեկնել: Նշելով, որ այդ տեղեկությունը հստակ չէ՝ միաժամանակ, Ստեփան Գրիգորյանը կանխատեսում է, որ օգոստոսի 5-15-ը վտանգավոր ժամանակաշրջան է՝ կապված Բրազիլիայի օլիմպիական խաղերի հետ, Ադրբեջանը կարող է հարձակվել Արցախի վրա:

 «Ես Սերժ Սարգսյանին խորհուրդ կտամ չմեկնել Բրազիլիա, Բրազիլիան այստեղից մոտ 12-13 ժամ է, պատկերացրեք, եթե Ադրբեջանը հարձակվի, հրամանատարը տեղում չէ»,- նշել է նա:

 Հ.Գ. Իրադարձություններն անցանկալի ընթացք են կարծես ստանում և այս դեպքում շատ կարևոր է, որ իշխանությունները զգոն լինեն, իսկ օրերս անհետ կորած Ազգային Ժողովը պետք է վերադառնա ծովափնյա շրջաններից և պատրաստ լինի դժվարին որոշումներ կայացնելու:

 


Այս թեմայով