Պատերազմի վտանգը մեծացել է. Ադրբեջանը սպասում է, թե ինչ կլինի Արցախում

Ստեփանակերտում շարունակվում են բողոքի ակցիաները,  որոնք սկիզբ էին առել   հունիսի 1-ին` ընդդեմ Արցախի Հանրապետության ուժային կառույցների՝ Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության որոշ ներկայացուցիչների ապօրինի գործողությունների: Վերջին օրերին հատկապես լարված է իրավիճակը Ստեփանակերտում: Բողոքի ակցիաների միջոցով  քաղաքացիները հասան նրան, որ հրաժարական տվեցին Արցախի ԱԱԾ պետը և պետնախարարը, իսկ նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ չի պատրաստվում առաջիկա ընտրություններին առաջադրել իր թեկնածությունը:

Արցախում ստեղծված անհնագիստ իրավիճակից կարծես ցանկանում է օգտվել Ադրբեջանը: Հունիսի 12-ին Արցախի ՊԲ-ն հայտարարեց, որ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են նաև հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ: Ներկայացվեցին նաև փաստեր տեսանյութերի և լուսանկարների տեսքով: Ինչպես նաև նկատելի էր ադրբեջանական քարոզչամեքենայի աշխատանքի ակտիվացում:

Հունիսի 16-ին մեկօրյա այցով Արցախ մեկնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Բակո Սահակյանի հետ այցելեց մարտական հենակետեր:

Փորձագիտական շրջանակների գնահատմամբ Արցախի սահմանին արձանագրվող տեղաշարժը և  Ստեփանակերտում անհանգիստ իրավիճակը մեծացրել են պատերազմի վերկսկսման վտանգը: Եթե Արցախում իրավիճակի հետագա զարգացումը տանի դեպի ներքին քաղաքական անկայունության, ապա Ադրբեջանը անպայման դա կփորձի օգտագործել, որպեսզի կյանքի կոչի 2016 թվականի ապրիլիին տապալված պլանը:

Այս հանգամանքով էր նաև պայմանավորված վարչապետ Փաշինյանի մեկօրյա այցը Արցախ: Փաշինյանը ցանկանում է անձամբ և տեղում ծանոթանալ իրավիճակին: ՀՀ վարչապետը իրավիճակի ամբողջական պատկերը իմանալուց հետո գուցե փորձի նաև Արցախի ընդդիմադիրներին հրապարակներից վերադարձնել բանակցությունների սեղան, որպեսզի երկրում չստեղծվի քաղաքական անկայուն իրավիճակ:

Այս թեմայով