Պատերազմի վերսկսման հավանականությունը բարձր է. նախարար

լևոն մնացականյանՌազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ կա, ավելին՝ այն բարձր է։ Այդ մասին հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը REGNUMգործակալությանը տված հարցազրույցում:

 «Իհարկե, ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ կա, ավելին՝ այն բարձր է: Հակառակորդի ներկայիս պահվածքը թույլ է տալիս գալ եզրակացության, որ նա դեռ ամբողջությամբ չի հրաժարվել իր մտադրություններից: Այդ պատճառով ապագայում ցանկացած պահի հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսում: Այնուամենայնիվ, ապրիլյան պատերազմը որոշ զսպող ազդեցություն է թողել հակառակորդի վրա: Դա երևում է նաև նրանց հայտարարություններից. եթե նախկինում նրանք ասում էին, որ հաղթանակ կտանեն երեք օրվա մեջ, այժմ նման հայտարարություններ այլևս չեն հնչում, և ես հուսով եմ, որ նրանք ընդհանրապես կհրաժարվեն իրենց մտադրությունից»,- ասել է Լևոն Մնացականյանը:

 Նախարարը, պատասխանելով Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքների մասին հարցին, հայտարարել է, որ «եթե Ադրբեջանը հարված հասցնի Ստեփանակերտին, կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»: «Թե ինչ միջոցներ՝ թող նրա համար գաղտնիք մնա: Պարզապես պատասխանն անհամեմատելի կլինի»,- ասել է նա:

 Լևոն Մնացականյանը հայտնել է նաև, որ մեծ քանակությամբ աշխատանք է կատարվել Լեռնային Ղարաբաղում բոլոր ուղղություններով՝ և՛ վերապատրաստման, և՛ տեխնիկական վերազինման, և՛ նոր սպառազինության ձեռքբերման ուղղությամբ, և այդ գործընթացը դեռ շարունակվելու է:

 «Այդ ամենի համար մենք ունենք նյութական միջոցներ, և դրանք ներդրվում են: Ավելին, մենք ներդնում ենք շատ ավելի մեծ գումարներ, քան դուք նշել եք ձեր հարցում»,- ասել է նախարարը՝ պատասխանելով ապրիլյան պատերազմից հետո սփյուռքի միջոցով հավաքված 8 միլիոն դոլարի ներդրման մասին հարցին:

 «Ինչ վերաբերում է այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցներին, նրանց օգնությունը, իհարկե, դրական է ազդել մեր հնարավորությունների վրա: Մենք իսկապես միջոցների զգալի հոսք ենք ստացել»,- ասել է նա:

 Խոսելով հետախուզության մասին՝ Լևոն Մնացականյանը նշել է, որ հակառակորդի գործողությունների մասին որոշակի տեղեկություն հայտնի է եղել, և իրականացվել են նախապատրաստական որոշակի քայլեր: Այդ պատճառով հետախուզության գործողությունները ձախողված չի կարելի անվանել, ասել է նա:

 Այնուամենայնիվ, հայտնի չի եղել հարձակման նման մասշտաբների մասին: «Այդ առումով որոշակի բացթողումներ եղել են: Մենք չէինք սպասում շփման գծի ողջ երկայնքով հարված: Դրա հետևանքով մենք կորցրինք որոշ հենակետեր, սակայն դա փաստացիորեն չազդեց ԼՂՀ ՊԲ հնարավորությունների վրա: Զորքերը շարունակում են ամբողջությամբ կատարել իրենց խնդիրներն առաջնագծում: Իհարկե, լավ կլիներ, եթե այդ դիրքերը նույնպես չկորցնեինք: Այնուամենայնիվ, այն կարճ ժամանակում, որ կար մինչև հրադադարը, մենք զգալիորեն վերականգնել ենք կորցրած դիրքերը: Եթե ռազմական գործողությունները շարունակվեին, մենք ավելի լայն հնարավորություններ կունենայինք: Այնուամենայնիվ, ես չեմ կարծում, որ այդ աննշան կորուստներն անվերադարձ են, և ես համոզված եմ, որ մենք դեռ հնարավորություններ կունենանք մեր կորցրած դիրքերը վերականգնելու համար»,- ասել է նախարարը:

Դիտվել է 251 անգամ
 


Այս թեմայով