Պատգամավորների թիվը 101-ից նվազելու դեպքում ԱԺ-ն չի կարող արձակվել. Արա Զոհրաբյան

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով անդրադառնում է Ազգային ժողովի արձակմանը:

«Համացանցում քննարկվում են ՀՀ ազգային ժողովն արձակելու տարբերակներ: Դրանցից մեկը, որի հետ կապված լրագրողները հետաքրքրություն են ցուցաբերել, փոքրամասնություն կազմող պատգամավորների մանդատները վայր դնելու տարբերակն է:

Այս առումով, կարծում եմ, որ պատգամավորների թիվը Սահմանադրությամբ նախատեսված 101 թվից նվազելու դեպքում Ազգային ժողովը չի կարող արձակվել: Սահմանադրությամբ այդպիսի հիմք նախատեսված չէ: Հակառակ դեպքում, մյուս Ազգային ժողովի խորհրդարանական փոքրամասնությունը կարող է նույն կերպ մանդատները վայր դնելով Ազգային ժողովն արձակել եւ այդպես շարունակ: Սա սահմանադրական ճգնաժամ կառաջացնի:

Ազգային ժողովը կարող է արձակվել միայն ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով (ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՎԱՐՉԱՊԵՏ ՉԸՆՏՐԵԼՈՒ), 151-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով (ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՏԱԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ ՉԸՆՏՐԵԼՈՒ) սահմանված դեպքերում:

Կարելի է նաեւ հանրաքվեով փոփոխություն կատարել Սահմանադրության մեջ եւ Ազգային ժողովի արձակման նոր հիմքեր ընդգրկել, սակայն «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքն իր պատնեշներն ունի:

Իմ կարծիքով, ՀՀ ազգային ժողովի արձակման այլ տարբերակներ չկան»,- նշել է ՓՊ նախագահը:

Այս թեմայով