Պատգամավորի որդու ընկերոջ դանակահարության մասին

Մարտուն-Գրիգորյան1«Մենք հայտնել Էինք, որ մայիսի 8-ին Գյումրիում ընդհարում էր տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, որի հետևանքով դանակից ստացած խորը վերքով Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» էր տեղափոխվել 17-ամյա Վանիկ Կակոսյանը։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112 հոդվածով՝ «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»։

 Չեն հաստատվում տեղեկություններն այն մասին, որ կասկածյալների շրջանակում է Գյումրիում հայտնի հեղինակություն Գող Սուրոյի՝ Սուրեն Ավետիսյանի քրոջ որդին՝ 12-ամյա Հայկ Գրիգորյանը։ «Հրապարակը» Գյումրիի ոստիկանությանը մոտ աղբյուրից տեղեկացավ, որ գործով կասկածյալը փախուստի է դիմել։ Նա մոտ 28 տարեկան երիտասարդ է։

 Գյումրիում շատերը վստահ են, որ 17-ամյա մարզիկ Վանիկ Կակոսյանին դանակահարել է Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդին, և ասում են, որ դեպքի հաջորդ օրը պատգամավորը ժամեր է անցկացրել ոստիկանության բաժանմունքում։ Մյուսները՝ Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի շրջապատի մարդիկ, վստահեցնում են, որ պատգամավորի որդին և տուժողը մտերիմ ընկերներ են, թաղի տղաներ, որոնք երկուսն էլ սպորտով են զբաղվում։ Մասնավորապես, սրանով են բացատրում, թե ինչու է Մարտուն Գրիգորյանի հայրը՝ Կամո Գրիգորյանը, անձամբ հիվանդանոց տեղափոխել դանակահարված տղային։ Մարտուն Գրիգորյանը նույնպես վստահեցնում է, որ իր որդին կապ չունի միջադեպի հետ, և որ իր դեմ քաղաքական պատվեր է գործում, իսկ իր հայրն է վիրավորված տղային տարել հիվանդանոց, քանի որ մի թաղի երեխաներ են, և տուժողն իր որդու ընկերն է։ Սա գյումրեցիներին քիչ է համոզում։ Մարդիկ ենթադրում են, որ Մարտուն Գրիգորյանն ամեն ինչ անելու է որդուն պատասխանատվությունից ազատելու համար։ «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրեն Աշոտ Կուրղինյանը մեզ հայտնեց, որ Վանիկ Կակոսյանի վիճակը լավ է։ «Նա դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Բայց ակտիվ դինամիկա կա, կարող է վաղը տեղափոխենք բաժին»,– ասաց նա»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 570 անգամ
 


Այս թեմայով