«Պապ, մամային չթողնես նեղսրտի, դուխ տուր, մինչև մի քիչ խախանդվեմ, առավոտ կզանգեմ»

timthumb«Իրավունք» թերթը գրում է. «Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, ցավոք, հայկական կողմը ևս ունի զոհեր: Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողներից երեքը Արագածոտնի մարզից են, նրանցից մեկը՝ 20-ամյա Ռաֆիկ Հակոբյանը Կարմրաշեն գյուղից է:

Ահա թե մեզ հետ զրույցում ինչ պատմեց նրա հարազատներից Արտաշես Մելիքյանը:

– Չնայած իր տարիքին, չափազանց հայրենասեր էր: Լենինգրադից, թողնելով ծնողներին, հատուկ եկել էր ծառայելու: Այս տարի պիտի վերջացներ ծառայությունը: Էս խառը օրերին էլ` ամսի 2-ին զանգել էր, խոսել էր մոր հետ: Ծնողները շատ անհանգիստ էին, բայց Հակոբը մորը հանգստացրել էր. վերջին անգամ մոր հետ խոսելիս ասել էր՝ «Մամ ջան, չմտածես, թուրքն ով է, որ իրենից վախենամ: Հլը ձենը կլսես, որ տղեդ մի քանի թուրքի լեշ է փռել:

Ես ողջ առողջ գալու եմ, մամ ջան, չվախենաս, սաղ լավ ա լինելու:

Կաքավաձոր համայնքից պայմանագրային զինծառայող 28-ամյա Սաշա Մկրտչյանն էլ, ինչպես պատմեց կաքավաձորցի մեր զրուցակիցը՝ դեռ այնքան երազանքներ, կիսատ գործեր ուներ թողած: «Ուզում էր աշնանը նշանվել. սիրած աղջիկ ուներ: Էնքան բարի, բոլորին հասնող տղա էր: Ասում էինք՝ խի՞ գնացիր պայմանագրային զինծառայող դարձար, լիքը ուրիշ գործեր կան: Պատասխանն այս էր՝ «Էս գործով հա՛մ կարամ ընտանիքս պահեմ, հա՛մ էլ հայրենիքս»:

Արտաշավան գյուղից զոհված զինծառայող, ազգությամբ եզդի, 20-ամյա շարքային Քյարամ Սլոյանն էլ զոհվելուց մի օր առաջ էր խոսել հարազատների հետ: Մեզ հետ զրույցում հետեւյալը պատմեց Արտաշավանի գյուղապետ Ղազար Կարապետյանը. «Հանգստացրել էր, ասել՝ խուճապի պատճառ չկա, ամեն ինչ վերահսկվում է: Հորն ասել էր. «Պապ, մամային չթողնես նեղսրտի, դուխ տուր, մինչև մի քիչ խախանդվեմ, առավոտ կզանգեմ, երկար կխոսեմ մամայի հետ: Մի թող ընկնի պանիկայի մեջ»: Էն զանգելն էր, որ պիտի զանգեր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով