Պապս նախորդ բոլոր հաղթանակների մարմնավորողն էր

թևանՊապս անգամ առաջին աշխարհամարտն էր հիշում. թևանիստների մասին էր պատմում: Հայրենական մեծ պատերազմը տեսավ. նրա չորս եղբայրներից երկուսը մինչև Բեռլին հասան, ինքը Ֆիննական պատերազմում էլ հասցրեց կռվել: Հենց պարապ ականջ էր գտնում, շատ ավելի երկար պատմում էր Արցախյան ազատամարտի մասին, Ղարաբաղի անկախության օրվա մասին: Պապս նախորդ դարի բոլոր պատերազմների ու բոլոր հաղթանակների մարմնավորողն էր: Մահացավ արդեն այս դարում. իր հետ տարավ բոլոր պատերազմների ցավերը, մեզ թողեց բոլոր հաղթանակների բերկրանքների մասին իր հուշերը: Այդ հուշերի մեջ անընդմեջ նույն արտահայտությունն է կրկնվում. «Մայիսի 9»:

Մայիսի 9-ի հետ միշտ գալիս են նաև երկու հատուկ անուններ` Բեռլին և Շուշի: Իսկ Բեռլինի ու Շուշվա հետ` տղերքը, հաղթանակ, թշնամին, հպարտություն և այլն…

Հիմա պապիս հուշերն իմն են արդեն: Անպայման փոխանցելու եմ որդուս: Վստահ եմ, որ հայրս նույնպես, Արցախյան ազատամարտում իր մասնակցության մասին հուշերը կփոխանցի որդուս: Շատ եմ ուզում, որ հպարտանա Մայիսի 9-ով, շատ եմ ուզում, որ հասկանա ու միշտ հիշի Մայիսի 9-ի խորհուրդը: Վստահ եմ, որ ինքն էլ հարկ եղած դեպքում պատրաստ կլինի նոր Մայիսի 9-ը կերտել:

Կեցցե’ Մայիսի 9, կեցցե’ն մեր հերոս հայրերն ու պապերը, եղբայրներն ու քույրերը: Խաղաղությո՛ւն մեր երկրին և խոնարհո՛ւմ զոհված տղերքի շիրիմներին:

Շնորհավոր եռատոնդ Արցախ:

Շնորհավոր հաղթանակներդ Հայաստան:

Գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը

Դիտվել է 34 անգամ
 


Այս թեմայով