Պաշտոն են ստացել մարդիկ, որոնք ուղղակի քայլել են

«Հեղափոխությունից առաջ բավական մեծ խոստումներ էին տրվել ժողովրդին: Թավշյա հեղափոխությանը աջակցողներից ամեն մեկն իր անձնական հաշվին է ընդունել փոփոխությունը: Ամեն մեկը ով փողոց է փակել, հանրահավաքի է մասնակցել, կարծում էր, որ իր անձնական կյանքը կլավանա, լավ աշխատանք, լավ աշխատավարձ կունենա: Կառավարությունը պետք է բացատրի, որ դրա համար ժամանակ է պետք»,-այսօր տեղի ուենցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

Ըստ նրա՝ կառավարությունը պետք է կարողանա բացատրել, որ դա հեշտ լուծելի հարց չէ, մեծ խնդիր է, ժամանակ է պետք:
«Նախորդ իշխանությունների գործունեությունը ներկայացվում էր ամբողջովին վատ: Հետո պարզվեց, որ ամեն ինչ այնքան վատ չէր. մի քանի ոլորտներում էլ շարունակեցին նախորդ իշխանության գիծը պահելը»,- այսօր ասուլիսի ժամանակ նշեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

Մեդիափորձագետի կարծիքով՝ կառավարությունում այժմ կան տարբեր մարդիկ, ու հիմա շատերը պաշտոն են ստացել, որոնք քայլել են, ուղղակի Գյումրիից հասել են Երևան, սակայն պետական կառավարումը մեծ փորձ է ակնկալում, և հենց այդ մարդիկ են թույլ թիրախները:

«Հասկանալի է, որ Փաշինյանը չունի կադրեր, և ենթադրելի է, որ շատ քաղաքական գործիչներ չեն ուզում աշխատել ժամանակավոր կառավարությունում, քանի որ կա նաև վերջինիս ձախողման վտանգը: Իմ կարծիքով՝ կառավարության մի մասն արտահերթից հետո հայտնվելու է կա՛մ քաղաքապետարանում, կա՛մ քաղաքական դաշտում, բայց ոչ պետական կառավարման ոլորտում»,- ասաց Տիգրան Քոչարյանը՝ ավելացնելով, որ կան նաև լավ ու պատրաստված կադրեր, որոնք ենթադրելի է, որ արտահերթ ընտրություններից հետո կմնան կառավարությում:

«Բայց մարդիկ, որոնք հիմա աշխատում են կառավարման ոլորտում, պետք է գիտակցեն, որ պետք է պատասխանատու լինեն, որ իրենց քայլերով չվնասեն հենց Նիկոլ Փաշինյանին»,- եզրափակեց Քոչարյանը:

Այս թեմայով