Պաշտոնական Անկարան արձագանքել է Ցեղասպանության մասին Հռոմի Պապի հայտարարությանը

18064_bՊաշտոնական Անկարան առաջին հայտարարությունն է արել՝ կապված Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացրած ոճրագործությունը ցեղասպանություն անվանելու փաստի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիկլին «մեծ դժբախտություն» է անվանել Պապի հայտարարությունը: Նա նշել է, թե դա ցույց է տալիս «Պապական աթոռի խաչակրի գիտակցությունը»: «Դա օբյեկտիվ հայտարարություն չէր, այն իրականության հետ որևէ առերեսում չուներ, դա բոլորը գիտեն, ողջ աշխարհը գիտի»,- ասել է Ջանիկլին: Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը հունիսի 24-ին ելույթ է ունեցել ՀՀ Նախագահի նստավայրում Նախագահ Սերժ Սարգսյանի, իշխանությունների, հասարակայնության և Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ելույթում նա, շեղվելով նախապես պատրաստած և լրատամիջոցների ներկայացուցիչներին նախօրոք բաժանած ելույթի տեքստից, կիրառել է Ցեղասպանություն եզրույթը: Մասնավորապես, Պապն իր ելույթում ասել է. «Մեծ Եղեռնը, որը հարվածեց ձեր ժողովրդին և որը անչափ անհամար զոհեր պատճառեց։ Այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ։ Եվ ցավալի է, որ ինչպես այս, այնպես էլ այլ դեպքերում աշխարհի գերտերությունները նայում էին այլ ուղղությամբ»:

Դիտվել է 365 անգամ
 


Այս թեմայով