Պայքար Պարույրի եւ Րաֆֆու միջեւ

ռաԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր փոքրաթիվ համակիրների հետ երեկ, ժամը 16-ին Ազատության հրապարակում էր, որտեղ նրան դիմավորեցին Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները։ Վերջիններս խոչընդոտում էին, որ ԱԻՄ առաջնորդն իր ծրագրած հանրահավաքն անի, բարձր երաժշտություն էին միացրել, պատրաստվում էին հանրահավաքի եւ այդքան էլ սիրալիր չդիմավորեցին Հայրիկյանին:

«Ժառանգության» անդամներից մեկը Հայրիկյանին ասաց. «Մեզ Եվրոպա պետք չէ, այսօր պետք է հայկական դրոշակ բռնենք միայն: Րաֆֆին ասել է` միայն եռագույն դրոշ, ոչ մի Եվրոպա»: «Ժառանգության» համակիրներին դուր չէր եկել, որ ԱԻՄ առաջնորդը հավաքել էր իր 10 հոգի աջակիցներին եւ եկել հրապարակ։ Հայրիկյանը պատասխանեց, թե ինքն ավելի շուտ հանդես է եկել առաջարկությամբ՝ միասին հանրահավաք անելու, սակայն համաձայնության չեն եկել։ Եվ եթե ոստիկանները չլինեին, ԱԻՄ-ականների ու «Ժառանգության» անդամների միջեւ բախում կլիներ, քանի որ նրանք ամենավերջին բառերով վիրավորում էին միմյանց: Չնայած սրան, Հայրիկյանն սկսեց հանրահավաքը։ Անդրադարձավ «Դեմ եմ»-ի լուռ ակցիային, ասաց, որ ինքը համամիտ չէ երիտասարդների կարծիքին։ Ապա երթով շարժվեցին եւ Սահմանադրական դատարանին նամակ հանձնեցին՝ պահանջելով կասեցնել կուտակայինի «պարտադիր» բաղադրիչը։ ԱԻՄ առաջնորդը վերադարձավ հրապարակ. «Մենք մեծահոգի կգտնվենք, չակերտավոր համազգային հանրահավաքին կմասնակցենք, որպեսզի Հովհաննիսյանը խայտառակ չլինի»: 10 րոպե մնալուց հետո ԱԻՄ-ականները ցրվեցին, իսկ մոտ 500 քաղաքացիներ մասնակցեցին Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին:

 

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

Դիտվել է 45 անգամ
 


Այս թեմայով