Պահեստազորի սպան մեղադրվում է պետական դավաճանության մեջ, նա տվյալներ է փոխանցել Ադրբեջանին. ԱԱԾ

05b91be2e84fa9b876bee98bba06a653-472x265Հայաստանի ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր՝ 38-ամյա Գարիկ Խաչիկի Մարությանին, որը երկար տարիներ Ադրբեջանի հատուկ ծառայություններին է փոխանցել պետական գաղտնիք պարունակող տվյալներ:

ԱԱԾ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, 2015թ. դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր՝ 38-ամյա Գարիկ Խաչիկի Մարությանը, որը երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ:

Հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով եւ Գ. Մարությանին առաջադրվել մեղադրանք պետական դավաճանության համար: Կատարվում է նախաքննություն»:

Դիտվել է 72 անգամ
 


Այս թեմայով