Պահանջատիրությունը ենթադրում է նաեւ լուրջ հետազոտական աշխատանք. Սերժ Սարգսյանի ուղերձը

Սերժ-սարգսյանՀայ ժողովուրդն այսօր հանդես է գալիս որպես պահանջատեր՝ արդարության պահանջատեր, իսկ դա ենթադրում է լուրջ նախապատրաստական, այդ թվում նաեւ հետազոտական աշխատանք: Այս մասին ասված է «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձում:

ՀՀ նախագահի ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Գիտաժողովի հարգելի՛ մասնակիցներ,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Ի սրտե ողջունում եմ ձեզ «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» թեմայով միջազգային գիտաժողովի բացման առիթով:

Դեռեւս 1916 թվականին ֆրանսիացի մեծ գրող եւ հումանիստ Անատոլ Ֆրանսը նշում էր. «Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց կվերածնվի: Այն մի փոքր արյունը, որ դեռ մնում է, թանկագին է, ու դրանից մի հերոսական սերունդ է ծնվելու: Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել՝ չի մեռնի»: Այո՛, մեր ժողովուրդը չմեռավ, վերածնվեց, վերակերտեց իր պետականությունը եւ այսօր հանդես է գալիս որպես պահանջատեր՝ արդարության պահանջատեր, իսկ դա ենթադրում է լուրջ նախապատրաստական, այդ թվում նաեւ հետազոտական աշխատանք:

Պատահական չէ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների ցանկում ուրույն տեղ են գրավում գիտահետազոտական բնույթի համաժողովները: Կարծում եմ՝ այսօր բացվող գիտաժողովն առանձնանում է նրանով, որ կրելով «ճանաչումից` հատուցում» ենթախորագիրը եւ նվիրված լինելով Հայոց ցեղասպանությանն առնչվող խնդիրների լայն շրջանակը հետագայում ավելի խորացված ուսումնասիրելուն, միաժամանակ հատուկ ուշադրություն է հատկացնում այդ ծանրագույն հանցագործության հետեւանքների վերացման ու հատուցման հիմնահարցերին:

Կրկին ողջունելով այս կարեւոր գիտաժողովի կազմակերպիչներին` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային եւ Երեւանի պետական համալսարանին, մասնակիցներին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք»:

Դիտվել է 36 անգամ
 


Այս թեմայով