Չմտնել սահմանադրական ծուղակի մեջ. Նիկոլ Փաշինյանի հոդվածը

57527

Սերժ Սարգսյանը քաղաքական կարիերան սկսած լինելով ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության շարքերում, հիմա մոտավորապես մտմտում է ստեղծել Խորհրդային Միության կառավարման համակարգի պես մի բան:

Armtimes.com-ը գրում է. «Հանրային-քաղաքական հարթակներից հնչող տեսակետը, թե Սերժ Սարգսյանը սահմանադրության փոփոխությունների նախագիծը ձեռնարկել է սեփական իշխանության վերարտադրության ծրագիրն իրագործելու համար՝ միանշանակ հիմնավորված կարելի է համարել:

Ո՞րն է ուրեմն, Սահմանադրության հրապարակված նախագծում ուրվագծվող վերարտադրության պլանը: Սարգսյանը փորձում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին՝ ընդհուպ ուժեղացնելով իշխող կուսակցության դերը, և 2018-ից հետո էլ մնալով ՀՀԿ նախագահ՝ իր ձեռքում պահել իշխանության որոշումների կայացման հսկիչ փաթեթը: Չխորանալով նրբությունների մեջ, ասեմ միայն, որ Սերժ Սարգսյանը քաղաքական կարիերան սկսած լինելով ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության շարքերում, հիմա մոտավորապես մտմտում է ստեղծել Խորհրդային Միության կառավարման համակարգի պես մի բան:

Խորհրդային միությունում կար կառավարություն, գերագույն խորհուրդ, կային պետական այլ մարմիններ, բայցևայնպես իրական և բարձրագույն իշխանությունը պատկանում էր կոմունիստական կուսակցության կենտկոմին և այստեղ էին կայացվում բոլոր որոշումները: Կառավարությունն ու մնացած մարմիններն իրականում միայն հլու կամակատար էին, կենտկոմի որոշումները դակող մարմին:

Եթե նկատել եք, Սերժ Սարգսյանը այդ մոդելն արդեն կիրառում է, երբ ՀՀԿ այսպես կոչված գործադիր մարմնի կամ քաղաքական խորհրդի նիստերում են կայացվում երկրի համար կարևոր նշանակություն ունեցող որոշումները, իսկ կառավարությունն ու ԱԺ հանրապետական մեծամասնությունը հայտնվում են այդ որոշումները դակողի դերում:

Սերժ Սարգսյանը կամաց-կամաց իշխանությունը Բաղրամյան 26-ից, Բաղրամյան 19-ից, Հանրապետության Հրապարակից տեղափոխում է Մելիք Ադամյան 2, որտեղ գտնվում է Հանրապետական կուսակցության գրասենյակը: Սահմանադրական փոփոխությունների արդի փուլի առանցքային նպատակն, ուրեմն, այդ պրոցեսը լրումին հասցելն է:

Այս պայմաններում, թվում է, ընդդիմության անելիքը ծայրահեղ պարզ է. հավաքել բոլոր հնարավոր ուժերը և թույլ չտալ սահմանադրության փոփոխությունների իրագործումը: Տեսության մեջ, սա, իհարկե, ճիշտ է: Բայց գործողություններ ձեռնարկելուց առաջ մենք պարտավոր ենք հանրությանը շատ կոնկրետ ներկայացնել, թե Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման տեսանկյունից ի՞նչ գործնական խնդիր ենք լուծում Սերժ Սարգսյանի սահմանադրափոխությունը տապալելուն ուղղված ջանքեր գործադրելով: Արդեն նշեցի, որ Սահմանադրության փոփոխություններն իրագործվում են Սերժ Սարգսյանի վերարտադրության կազմակերպման շրջանակներում: Հիմա՝ եկեք պատկերացնենք՝  ընդդիմությանը հաջողվել է ձախողել Սահմանադրության փոփոխությունը: Մի՞թե գործող Սահմանադրության պահպանումը նշանակում է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը չի վերարտադրվի:

Այս հարցի պատասխանը տալու համար ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հայտարարության վրա, որ Սերժ Սարգսյանն արել է 2014 թվականի ապրիլի 10-ին, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ:

Մեջբերում եմ Սերժ Սարսգյանի խոսքերը, որոնք կարծում եմ հետաքրքիր են նրա մտքերի ընթացքը հասկանալու համար. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: (…) Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնեք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում: Համենայն դեպս, մենք վստահորեն այդ ճանապարհով ենք գնալու»,- մեջբերման ավարտը:

Եկեք, ուրեմն, վերծանենք, թե ինչ է ասում Սերժ Սարգսյանը: Նա ասում է, որ անկախ իրադարձությունների զարգացման հետագա ընթացքից, ինքն այլևս երբեք չի հավակնի երկրի նախագահի պաշտոնին: Եթե ընտրվի կառավարման խորհրդարանական մոդելը, ինքը չի հավակնի նաև երկրի վարչապետի պաշտոնին: Ուշադրություն դարձրեք, սակայն, որ Սարգսյանը հստակ ասում է, որ ինքը դեմ է կառավարման խորհրդարանական համակարգին, միևնույն ժամանակ՝ կառավարման գործող համակարգի պահպանման պարագայում, փաստորեն, չի բացառում, որ կստանձնի երկրի վարչապետի պաշտոնը:

Սա չափազանց կարևոր նրբություն է, մանավանդ այն պատճառով, որ վարչապետի կարգավիճակը հայաստանյան հանրային-քաղաքական կյանքում թերագնահատված է, և շատերը ուղղակի չեն արձանագրել մի բան: Գործող Սահմանադրությամբ Հայաստանի այն վարչապետը, որ տիրապետում է խորհրդարանական մեծամասնությանը, իր ազդեցությամբ ու լծակներով ոչ մի կերպ չի զիջում նախագահին: Խորհրդարանական մեծամասնություն ունեցող վարչապետը կարող է լիարժեքորեն մեկուսացնել նախագահին, և նրան թողնել սիմվոլիկ դերակատարի կարգավիճակում:

Նույնիսկ նախագահին ավելի լայն լիազորություններ վերապահող համակարգերում է սա հնարավոր, երբ խորհրդարանական մեծամասնությունը տիրապետող վարչապետը ավելի ազդեցիկ ֆիգուր է, քան գործող նախագահը: Նման բան մենք տեսել ենք Ռուսաստանի դաշնությունում, երբ Վլադիմիր Պուտինը վարչապետ էր:

Նման բան մենք տեսել ենք Հայաստանի Հանրապետությունում, երբ վարչապետ էր Վազգեն Սարգսյանը: Վերջինիս վարչապետության ժամանակներում Սահմանադրությունը հսկայական լիազորություններ էր վերապահում երկրի նախագահին: Բայց խորհրդարանում ունենալով ամուր հենարան, Վազգեն Սարգսյանն էր երկրի փաստացի ղեկավարը:

Սերժ Սարգսյանը սա գիտի, հիշում է ու պատահական չէ, որ վերը մեջբերված իր խոսքում հատուկ շեշտում է, որ ինքը Հայաստանի ամենամեծ կուսակցության նախագահն է, և ասում, թե կառավարման ինչ մոդել էլ ընտրվի, ինքն ու իր հանրապետականը իրենց դիրքերում են լինելու: Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել Սերժ Սարգսյանի հենց այս նախադասության վրա, որովհետև կարծում եմ` սահմանադրական փոփոխությունների ողջ համատեքստում սա է միակ դրույթն ու միակ նախադասությունը, որի վրա արժե ուշադրություն դարձնել: Ինչու՞:

Շատ պարզ մի պատճառով. Սահմանադրության տեքստից, կամ կառավարման մոդելից չէ կախված ամենևին, թե Սերժ Սարգսյանը կպահպանի՞ իր իշխանությունը թե ոչ: Դա կախված է ոչ թե Սահմանադրության բուն տեքստից (Մարդու իրավունքների և ազատությունների կոնվենցիաները վավերացրած երկրներում, ինչպիսին է Հայաստանը, սահմանադրության ընդհանուր շրջանակը կանխատեսելի է), այլ նրանից, թե Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունը Հայաստանի Ազգային ժողովում կունենա՞ մեծամասնություն, թե ոչ:

Իսկ սա էլ կրկին կախված է ոչ թե Սահմանադրության տեքստից, այլ նրանից թե կա՞ արդյոք Հայաստանում մի այնպիսի ընդդիմադիր քաղաքական ուժ, որ ի վիճակի է ստանձնել երկրի պետական իշխանությունը, կա՞ արդյոք Հայաստանում քաղաքական մի այնպիսի ուժ, որ ի վիճակի լինի ստանալ ժողովրդի վստահության քվեն, պահել այդ քվեները, այդ քվեի հիման վրա վերցնել իշխանությունը, և ստանձնել Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու բնականոն զարգացումը: Քանի դեռ այսպիսի քաղաքական ուժ չի ձևավորվել, ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն է մնալու, և ուրեմն այդ կուսակցության ղեկավարը լինելու է իշխանության առաջնային դեմքը՝ անկախ սահմանադրությունում ամրագրված կառավարման մոդելից:

Գործող Սահմանադրության պահպանման դեպքում նույնպես՝ 2017թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ի կողմից մեծամասնություն ձևավորելը միարժեքորեն նշանակում է Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրություն: Այս պարագայում 2017-ին ՀՀԿ-ն անցումային վարչապետ կնշանակի որևէ մեկի, իսկ 2018-ի նախագահական ընտրություններից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը կստանձնի երկրի վարչապետի պաշտոնը: Գործող Սահմանադրությամբ նախագահի ընտրություններից հետո, ավելի ճիշտ՝ նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու օրը կառավարությունը հրաժարական է տալիս:

Նորընտիր նախագահը վարչապետ է նշանակում ԱԺ պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին. այսինքն՝ վարչապետի թեկնածուին առաջադրելու իրավունքը խորհրդարանական մեծամասնությանն է: և եթե ՀՀԿ-ն մեծամասնություն ունենա ԱԺ-ում, պարզ է, որ վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին և նորընտիր նախագահը, ով էլ լինի, չի կարող նրան չնշանակել այդ պաշտոնում: և ուրեմն, դա Սերժ Սարգսյանի իշխանության նույնպիսի վերարտադրություն կլինի, ինչպիսին կարող է լինել Սահմանադրության փոփոխությունների պարագայում:

Հենց սա է պատճառը, որ պնդում ենք, թե Սահմանադրական փոփոխությունը կեղծ օրակարգ է: Այդ փոփոխությունների արդյունքներով չի լուծվելու իշխանության վերարտադրության հարցը: Վերարտադրության հարցը լուծվելու է 2017թ. խորհրդարանական ընտրություններով: և եթե 2017-ին Հայաստանում կլինի այնպիսի ընդդիմադիր քաղաքական ուժ, ով կկարողանա հաղթել ընտրություններում, Սերժ Սարգսյանը չի վերարտադրվի՝ անկախ սահմանադրության տեքստից: Եթե այսպիսի ուժ չի լինի, կվերարտադրվի՝ անկախ սահմանադրության տեքտից:

Ինչպես ասել եմ նախկինում՝ իմ խորհրին համոզմամբ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կարող է կանխել միայն Ինստիտուցիոնալ ընդդիմությունը, և մենք այսօր պետք է զբաղվենք միայն ու միայն, բացառապես Ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորմամբ՝ րոպե անգամ չշեղվելով այդ օրակարգից, որևէ ձևով չմտնելով Սերժ Սարգսյանի առաջ քաշած կեղծ օրակարգի մեջ:

և թույլ տվեք պնդել, որ սահմանադրական փոփոխությունների կոնտեքստում Սերժ Սարգսյանի հետապնդած հաջորդ կարևոր խնդիրն այն է, որ ընդդիմությունը հերթական անգամ գնալով կեղծ նպատակի հետևից՝ ժողովրդին տանի պարտության, հիասթափության և հուսահատության, կամ էլ առավելագույն արդյունքը, որ ունենա ժողովուրրդը՝ լինի պյուռոսյան հաղթանակը՝ «ոչ»-ի տեսքով, որը որևէ բան չի փոխի: Արդյունքում՝ ընդդիմությունը կկրի նոր պարտություն, հանրությունը կապրի նոր հիասթափություն, նոր հուսահատություն: Իսկ այսօր ժողովրդին պարտության չտանելը կարևորագույն խնդիրներից մեկն է: Սերժ Սարգսյանը ցանկանում է հերթական անգամ ժողովրդին և ընդդիմությանը տանել անխուսափելի, երաշխավորված պարտության, որից հետո բուն վերարտադրության պրոցեսի ժամանակ՝ 2017-18 թվականներին ոտքի վրա կանգնած ընդդիմադիր ուժ չի լինի այդ պրոցեսին խանգարելու համար:

Իմ խորին համոզմունքն է՝ սահմանադրական փոփոխությունների թեման վարպետորեն լարված թակարդ է, և այդ թակարդի մեջ հայտնված ընդդիմադիր ուժերը մնալու են այնտեղ ու այնտեղից դուրս չեն գալու:

հակափաստարկներ

Ենթադրում եմ, որ վերը շարադրվածին հակադարձելու փորձերը քիչ չեն լինի՝ հատկապես այն շրջանակներից, ովքեր առաջակում են հերթական թեժ աշնան նախապատրաստություններ տեսնել: Այդ փաստարկները արդեն իսկ հնչում են, շրջանառության մեջ են և կփորձեմ անդրադառնալ դրանցից ամենատարածվածներին:

Փաստարկ 1.  Նոր Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանը կամրագրի ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհը:

Այս փաստարկի հեղինակները մոռանում են մի բան. ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի՝ այսօր գոյություն ունեցող քաղաքական մենաշնորհը ձևավորվել և հաստատվել է գործող Սահմանադրությամբ: Գործող Սահմանադրությունը որևէ ձևով չի խանգարել անել այն, ինչ նա արել է, ինչպես Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգին չի խանգարել նախորդ՝ 1995 թվականի Սահմանադրությունը: Հաջորդ սահմանադրությունն էլ չի խանգարելու, որովհետև ինչպես արդեն նշեցի՝ խնդիրը ոչ թե Սահմանադրությունն է, այլ գործունակ, կենսունակ, այսինքն՝ Ինստիտուցիոնալ ընդդիմության գոյությունը, կամ նրա բացակայությունը: Ի դեպ, շատերն են մոռանում, որ գործող սահմանադրությունը հաստատվել է ակնհայտորեն կեղծված հանրաքվեով: Որևէ կասկած չկա, որ եթե Սերժ Սարգսյանը որոշի անցկացնել նոր սահմանադրությունը, դրա համար ստիպված է լինելու կրկին կեղծել հանրաքվեն: և ի դեպ, ընդդիմությունը չի էլ կարողանալու պատշաճ ձևով ֆիքսել հանրաքվեի արդյունքները կեղծելու փաստը, որովհետև, ինչպես Երրորդ հանրապետության բոլոր համապետական քվեարկությունների ժամանակ, չի կարողանալու բոլոր ընտրական տեղամասերում ունենալ վստահված անձինք: Իսկ չի ունենալու, որովհետև չկա Ինստիտուցիոնալ ընդդիմություն: Ընդդիմադիր կուսակցությունները իրական կառույցներ ունեն Երևանի մի մասում և հանրապետության մի քանի քաղաքներում միայն: Մնացած տեղամասերը թողնված են իշխանության քմահաճույքին: Որևէ հիմք չկա պնդելու, որ այս անգամ այսպես չի լինելու: Նշեմ նաև, որ ՀՀ-ում ժողովրդի կողմից վավերացված Սահմանադրության բացակայութան բերումով՝ օրինական իշխանության հաստատումից հետո իրական, այսինքն՝ ժողովրդի կողմից վավերացված Սահմանադրության հարցը լինելու է օրակարգում:

Փաստարկ 2. Սահմանադրության փոփոխությունների կոնտեքստում կարելի է կոնսոլիդացնել ընդդիմադիր ուժերին և իրականացնել իշխանափոխություն:

Ակնհայտ է, որ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու հստակ հանրային պահանջ կա: Այդ պահանջը, սակայն, եղել է, գոյություն է ունեցել վերջին 20 տարվա ընթացքում: Բայց իշխանափոխություն տեղի չի ունեցել, որովհետև չի եղել իշխանափոխության պրոցեսը առաջնորդող համախոհների ինստիտուցիոնալ թիմ, հին և կոռումպացված իշխանություններին ատող ժողովուրդը չի ունեցել նոր իշխանության կազմի և անելիքների մասին հստակ պատկերացում: Հիմա որևէ մեկը կարո՞ղ է ասել, որ առաջիկայում Հայաստանի ընդդիմությունը կարող է բառիս իրական իմաստով միասնական հարթակ ձևավորել, ապագա իշխանության կազմ համաձայնեցնել և ապագա անելիքների ծրագիր: Եթե որևէ մեկը նման պնդում կանի, կամ չի ճանաչում Հայաստանի ընդդիմադիր դաշտում այսօր տիրող վիճակը, կամ ուղղակի խաբում է ժողովրդին: ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», «Հիմնադիր խորհրդարանը», «Քաղաքացիական պայմանագիրը» այնքան հրապարակային հակասություններ ունեն, որ դրանք հնարավոր չէ մի քանի ամսում հաղթահարել, եթե ընդհանրապես հնարավոր է հաղթահարել: Կարելի է ձև անել՝ դրանց հաղթահարված լինելու մասին, բայց վճռական պահին դրանք արտահայտվելու են՝ դառնալով ընդդիմության հերթական խայտառակ պարտության պատճառ:

Փաստարկ 3. ՀՀ յուրաքանչյուր ազնիվ քաղաքացի պետք է իրենից կախված հնարավորը անի՝ Սերժ Սարգսյանի վերարտադրության ծրագրերը խափանելու համար:

Սա ամենաուժեղ և ամենաազնիվ փաստարկն է: Բայց վերարտադրության ծրագիրը խափանելու համար պետք է ճանաչել այն, հասկանալ, թե ո՞րն է վերարտադրության Սերժ Սարգսյանի գործիքը: Վերը արդեն ցույց տվեցի, որ սահմանադրության այս կամ այն տեքստից շատ բան չի փոխվում: Ինչպես բոլոր ժամանակների իշխանությունների, այնպես էլ Սերժ Սարգսյանի վերարտադրության հիմնական խթանը Ինստիտուցիոնալ ընդդիմության բացակայությունն է: Սերժ Սարգսյանը փորձում է մեզ բոլորիս սահմանադրական ծուղակը գցել և պահել այնտեղ՝ իր անխափան վերարտադրությունը կազմակերպելու համար:

հետևաբար

Սերժ Սարգսյանի ձեռնարկած սահմանադրական փոփոխությունը չպետք է խցկվի մեր քաղաքական օրակարգ: Մենք պետք է ամեն ինչ անենք մեր գործից՝ Ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորումից վայրկյան անգամ չշեղվելու համար: Սա նշանակում է մեր անելիքը Սահմանադրության փոփոխությունների կոնտեքստում մեկն է՝ չնկատելու տալ փսեվդոքաղաքական այդ պրոցեսը, հնարավորինս հեռու մնալ նրանից:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Դիտվել է 88 անգամ
 


Այս թեմայով