Չի կարելի հանրային ահռելի լավատեսական էներգիան ուղղել զանգվածահաճո, պոպուլիստական ծրագերին. Վահե Հովհաննիսյան

Այսօր Politik.am-ը ներքաղաքական  գործընթացներին վերաբերող թեմայով զրուցել է, ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խումբ» նախաձեռնության անդամ Վահե Հովհաննիսյանի հետ:

Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք գնահատում երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը։ Ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենալ նոր կառավարություններից։

— Երկրում ստեղծվել է բավական հակասական իրավիճակ։ Մի կողմից՝ կա փոփոխութունների մեծ պոտենցիալ, մյուս կողմից՝ կան բազմաթիվ անորոշություններ, որոնք ժամանակի ընթացքում կարող են դառնալ պարզապես վտանգավոր։ Շատ մեծ է հասարակության մեջ էմոցիոնալ ֆոնը, որի պայմաններում սառը, ռացիոնալ մտածողությունը հաճախ տուժում է։ Ինձ համար խնդիրը հստակ է. պետք է կարողանալ հանրային ահռելի լավատեսական էներգիան ուղղել խորքային բարեփոխումներին և գրագետ, համակարգային փոփոխություններին, որոնք ոչ միշտ են հաճելի և սահուն։ Երբեք չի կարելի այդ էներգիան ուղղել զանգվածահաճո, պոպուլիստական ծրագերին։ Ընտրությունը մեծ հաշվով սրա մեջ է։ Ինչ վերաբերում է կառավարությունից ունեցած ակնկալիքներին, ապա դրա մասին դեռևս վաղ է խոսել։ Իմ սկզբունքային տեսակետն է. ցանկացած կառավարության պետք է տալ ժամանակ։

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության համար առաջնահերթ պետք է լինի արտահերթ ընտրությունների անցկացո՞ւմը, թե՞ պետք է փորձեն ավելի շատ տնտեսական խնդիրներով զբաղվել։

— Գիտեք, կառավարությունների դերը և գործառույթները սահմանված են ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով։ Ցանկացած կառավարություն պետք է դրանով առաջնորդվի։ Ուղղակի հնարավոր չէ ասել՝ ես կզբաղվեմ սրանով, բայց մյուս խնդիրները կանտեսեմ։ Նման մոտեցման դեպքում կխաթարվի երկրի բնականոն կյանքը։ Իհարկե, կա ժամկետների և բանականության գործոնը։ Կառավարությունը պետք է նախապատրաստի արտահերթ ընտրություններ, և դա միայն ամիս-ամսաթիվ որոշելը չէ. այստեղ կան օրենսդրական և տեխնիկական բազմաթիվ խնդիրներ։ Սրան զուգահեռ՝ կառավարությունը պետք է լուծում տա մի շարք խնդիրների, որոնք չեն պահանջում երկար ժամանակ, բայց պահանջում են կամք. այդ խնդիրները մեծ մասամբ մեր հանրության օրակարգում էին և, չգիտես ինչու, երկար տարիներ չէին լուծվում։ Ահա այստեղ կառավարությունը կարող է և պետք է էֆեկտիվ լինի։ Ինչ վերաբերում է երկարաժամկետ ծրագրերին, ապա դրանք կարող են լինել ուղղակի հայեցակարգերի տեսքով, ոչ ավելին։

Ըստ Ձեզ, ե՞րբ պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

— Իմ կարծիքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման առավել նպատակահարմար ժամկետը 2018-ի նոյեմբերի վերջից մինչև 2019-ի մարտ ժամանակահատվածն է։

Պատրաստվո՞ւմ եք մասնակցել առաջիկա ընտրություններին, և ի՞նչ ֆորմատով եք հանդես գալու։ 

— Ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեմ՝ լավ թիմով, հստակ ասելիքով։ Ինչ վերաբերում է ֆորմատին, ապա ես ուզում եմ արձանագրել, որ այսօր Հայաստանում առկա է քաղաքական դաշտի դեֆոլտ։ Երբ մեկ հոգին Գյումրիից ոտքով գալիս է Երևան, ողջ ժողովրդին հանում փողոց ու վերցնում իշխանությունը, նշանակում է, որ հին քաղաքական դաշտը ուղղակի չկա, սպառվել է։ Եվ դա շատ լավ է։ Կարծում եմ՝ առաջիկա ընտրություններից առաջ կձևավորվեն նոր դաշինքներ՝ նոր դեմքերով, նոր լիդերներով, նոր ասելիքով։ Դա է ժամանակի պահանջը։ Միայն այսպես Հայաստանը կարող է զարգանալ։

Այս թեմայով