Չի բացառվում, որ Ադրբեջանը նորից ուժ կկիրառի

Արցախի հակամարտության հարցում էական փոփոխություն այս տարի չի եղել, հայտարարեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար,  քաղաքագետ  Արա Պապյանը, հավելելով, որ բանակցությունների պիղծ սկզբունքերը շարունակում են մնալ հիմքում :  

Քաղաքագետը նշեց, որ ԼՂՀ հարցի լուծումը գտնվում է հայության ձեռքերում, և եթե կարողանանք տնտեսական և ռազմական հզորություն ապահովել, ապա գերտերությունները հաշվի կնստեն այդ իրողության հետ:

«Ադրբեջանը պատրաստ չէ խնդրի լուծման, անգամ մադրիդյան սկզբունքներին համաձայն չէ, և դա նշանակում է , որ նա իրականացնում է «մաշեցնող»  քաղաքականություն ՝ հայաթափ անելով Հայաստանը.

Պետք է հասկանանք, որ այս խնդիրը շուտ լուծում չունի, եթե հակամարտության սկզբում հույսեր ունեին, որ կարելի է լեզու գտնել Ադրբեջանի հետ, հիմա ակնհայտ է, որ Ադրբեջանը չի ցանկանում, հետևաբար մենք պիտի ոչ միայն կարողանանք  ստատուս քվոն պահպանել ՝ նվազագույն մարդկային և տնտեսական կորուստներով, այլ միաժամանակ ապահովել երկրի զարգացումը, հակառակ դեպքում հաղթանակը կլինի ծանր հետևանքներով», -նշեց Պապյանը:

Քաղաքագետի կարծիքով մինչև  2018թ.-ի ապրիլին Ռուսաստանում կայանալիք ընտրությունները, ԼՂՀ հակամարտության խնդրի վերաբերյալ որևէ տեղաշարժեր չեն լինի, դրանից հետո չբացառելով Ադրբեջանի կողմից հնարավոր ուժի կիրառումը.

«Մշտապես եղել եմ, ցավոք սրտի այն սակավաթիվ մարդկանց թվում, ովքեր հանդես են եկել Արցախը Հայաստանին վերամիավորելու սկզբունքի օգտին, քանի որ միջազգային իրավունքի տեսանկյունից Արցախը Հայաստանի Հանրապետության մաս է, դրա մասին կա Ազգերի լիգայի համապատասխան զեկույց.

Այսօր կա Հայաստան պետություն, որը ունի ասիմետրիկ կառուցված. ՀՀ-ն բաղկացած է մարզերից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, եթե դա այդպես չլիներ, ոչ մեր նախագահը կկարողանար  ԼՂՀ հարցով բանակցել, ոչ էլ մեր զորակոչիկները այնտեղ կծառայեին, և պետք է հասկանալ, որ ԼՂՀ-ն դե ֆակտո և դե յուրե մեր միացված մասն է»,- եզրափակեց Արա Պապյանը:

Այս թեմայով