Չթաքցնեմ՝ պատասխանը գուցեեւ ցինիկ. Բաց նամակ Հովիկ Աբրահամյանին

ՀովիկՊարոն վարչապետ, եթե շատ մեղմ արտահայտվենք, մեր կյանքում անհարմարություններն այնքան շատ են եւ այնպես են դառնացնում, որ, հակառակ մեր կամքին ու ցանկությանը, ստիպված ենք լինում պանդուխտի գավազան վերցնել։ Երբ Ձեր նախորդին հարցրին, թե կառավարությունն ինչու քայլեր չի ձեռնարկում արտագաղթը կանխելուն, առանց երկմտության պատասխանեց. «Եթե այդ մարդիկ մնան, ապա իշխանությունների դեմ հանրահավաքներ կկազմակերպեն»… Չթաքցնեմ՝ պատասխանը գուցեեւ ցինիկ, բայց անկեղծ էր։ Կարճ ժամանակ անց վարչապետի պաշտոնն ստանձնեցիք Դուք, եւ Ձեր առաջին հայտարարություններից մեկն այն էր, որ հարկավոր է ականջալուր լինել մարդկանց։ Ասել է՝ փնտրել բնակչությանը հուզող խնդիրների ու հարցերի լուծումներ։ Չեմ թաքցնում՝ մեր ոգեւորությունը մեծ էր, սակայն այն աստիճանաբար սկսեց մարել։ Բազմապիսի խնդիրներից ուզում եմ առանձնացնել մեկը՝ բանկերի դեմ բնակչության դժգոհությունը, որը, կարծում եմ, արտագաղթի պատճառներից մեկն է։ Չեմ կարծում, որ կառավարությունը զուրկ է բանկերի վրա ազդելու լծակներից, սակայն, ինչպես հավաստում են փաստերը, իշխանությունները հակված են ավելի շատ պաշտպանել բանկերի, բայց ոչ բնավ քաղաքացիների շահերը։ Ասվածի վառ օրինակն է անցած շաբաթ Կենտրոնական բանկի կողմից Ազգային ժողովին ներկայացված խայտառակ օրենքի նախագիծը, որը, բարեբախտաբար, մերժվեց։ Չմանրամասնեմ, թե ինչու եւ ինչպես. շատ շատերի նման բանկի որոգայթում հայտնվեց նաեւ մեր ընտանիքը։ Այդ մասին լսելով ինձ, Լոռու մարզպետի առանձնասենյակում Դուք պատասխանեցիք. «Դա լուծելի հարց է, ես կլուծեմ»։ Հավատացի, քանզի քաղցր սուտը երբեմն գերադասելի է դառը ճշմարտությունից։ Անցել են ամիսներ, սակայն անտարբեր դռներ բախելու ճանապարհին հուսալքությունը, որ ամենեւին էլ լավ ուղեկից չէ, պատեց ինձ։ Խնդիրները, որ կուտակվել են ոչ բավարար կառավարման, անտարբերության արդյունքում, երկու ճանապարհ են մատնացույց անում՝ ընդվզում կամ լքել հայրենիքը։ Ընդվզման մասնավոր օրինակն օրերս բանկի աշխատակցի դաժան սպանությունն էր։ Այս օրերին, երբ Դուք ղեկավարում եք սահմանադրական, այսպես կոչված, բարեփոխումների շտաբը, բնական հարց է առաջանում. ինչպե՞ս եք ակնկալում բանկերից տուժած հազարավոր մարդկանց «այո»-ն, երբ փորձ չի արվում անգամ նրանց մատից փուշ հանել։ Եվ իմ մեջ բարձրանում է տարակուսանքը. Ձեր նախորդի պատասխա՞նն էր նախապատվելի, թե՞ Ձեր տված, բայց անկատար խոստումները։ Կյանքը հանրաքվեով չի ավարտվում, եւ ականջալուր լինելու, խոստումն իրականացնելու ժամանակն սպառված չէ։ Դրանից կշահեն Ձեր արժանապատվությունը եւ, իհարկե, քաղաքացիների բարօրությունը։

Ստեփան ԱՅՎԱԶՅԱՆ

Լոռու նախկին մարզպետ

Դիտվել է 419 անգամ
 


Այս թեմայով