«Չենք կարող առհավետ սպասել Թուրքիայի պատասխան քայլերին». Սերժ Սարգսյան

«Արձանագրությունները բանակցվել էին՝ ելնելով եղած պայմաններից: Եթե Թուրքիան ցանկանում է սպասել այլ պայմանների, ապա վավերացնել արձանագրությունները, նա չարաչար սխալվում է: Նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ»,- Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է Հայաստանի նախագահը։

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնած Հայաստանի նախագահն այսօր երեկոյան մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին: Համաժողովի «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

Նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Սարգսյանն անդրադարձել է աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը, ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում Հայաստանի արդյունավետ փոխգործակցությանը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ, անվտանգության տեսանկյունից տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին, այդ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։

«Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը կարող են օրինակ ծառայել, թե ինչպես Ռուսաստանը, ԵՄ-ը և ԱՄՆ-ը կարող են դրականորեն համադրել իրենց դիրքորոշումները՝ հանուն միջազգային խաղաղության ու անվտանգության։ Մեր ցանկությունն է, որ նման ընդհանրություններն առավել հաճախ դրսևորվեն»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Նախագահը խոսել է նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության շրջանակում ստանձնված ու բանակցված հանձնառությունների մասին, ընդգծելով, որ դեռևս նախորդ դարի 70-ական թվականներին սկիզբ առած Հելսինկյան գործընթացի նպատակը Եվրոպայում անվտանգության և համագործակցության ամրապնդումն էր` ապահովելով ժողովուրդների համերաշխությունը, արժանապատիվ և իրավահավասար համակեցությունը, որը, Սարգսյանի գնահատմամբ, այսօր էլ շարունակում է արդիական մնալ։

Հայաստանի նախագահը շեշտել է, որ Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթի տասը սկզբունքները մեկ միասնական ընդհանրություն են, և դրանցից որևէ մեկը չպետք է տարանջատվի կամ հակադրվի մյուսներին.- «Հելսինկիի ոգու աղաղակող ոտնահարում է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ: Դա հատկապես ակնառու է հարևան երկրում մեկնարկած նախընտրական շրջանում: Նախագահ Ալիևը ոչ ավել, ոչ պակաս տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ»,- նկատել է Սարգսյանը։

Անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը՝ նախագահը հայտարարել է, որ Հայաստանը այդ կառույցին միացել է «հստակ գիտակցելով, որ այն լավագույնս է ծառայելու տնտեսության զարգացմանը, երկրի ապագային»։

«Միաժամանակ, դա բնավ չի խոչընդոտել մեր համագործակցությանը Եվրոպական միության հետ, հատկապես ինստիտուցիոնալ բարեփոխումների և արդիականացման բնագավառներում: Եվրամիության հետ մեր համագործակցությունը նոր մակարդակի բարձրացավ վերջերս ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով։ Այժմ կարևոր է, որ այդ փաստաթղթի վավերացման գործընթացն ընթանա պատշաճ արագությամբ: Մենք շարունակաբար ձգտելու ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք արդեն իսկ հասել են մեծ հաջողությունների և կարող են նպաստել մեր երկրի զարգացմանը: Նշված քաղաքականությունը դյուրացնում է Հայաստանի փոխգործակցությունը թե՛ ԵԱՏՄ-ի, թե՛ ԵՄ-ի հետ: Սա նաև հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են Հայաստանի միջոցով ընդլայնել գործարար կապերը այս երկու ինտեգրացիոն կառույցների միջև»,- ասել է նա։

Իր ելույթում Հայաստանի նախագահը անդրադարձել է նաև հայ-թուրքական արձանագրություններին՝ ընդգծելով, որ Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը և «ժամանակն այստեղ կարծես կանգ է առել»: Սերժ Սարգսյանը ասել է, թե Հայաստանն ամեն ինչ արել է իրավիճակը հաղթահարելու համար, սակայն 2009-ին Հայաստանի ու Թուրքիայի միջև կնքված հաշտեցման արձանագրություններն այդպես էլ մնացել են թղթի վրա:

«Թուրքիան ոչ միայն չվավերացրեց դրանք, այլև առաջադրեց արձանագրությունների հետ որևէ կապ չունեցող նախապայմաններ: Դա ոչ այլ ինչ էր, քան պատմական հնարավորության տապալում։ Արդյո՞ք Ադրբեջանն է խոչընդոտում Թուրքիային Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում, ինչպես մեզ շատերը փորձում են համոզել։ Ո՛չ, հիմնական խոչընդոտը Թուրքիայի առաջնորդների քաղաքական կամքի բացակայությունն է»,- ասել է Սարգսյանը՝ եզրափակելով — «Մենք չենք կարող առհավետ սպասել Թուրքիայի պատասխան քայլերին: Արձանագրությունները բանակցվել էին՝ ելնելով եղած պայմաններից: Եթե Թուրքիան ցանկանում է սպասել այլ պայմանների, ապա վավերացնել արձանագրությունները, նա չարաչար սխալվում է: Նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ: Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը»։

Այս թեմայով