Չեմ հավատում, թե հանկարծ Ադրբեջանում անհագուրդ ցանկություն է առաջացել Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու. Սերժ Սարգսյան

Ադրբեջանի նախագահական ընտրություններն ավելի վաղ անցկացնելու իրական դրդապատճառների մասին, կարծում եմ, տեղյակ են և՛ երկրի ղեկավարը և՛ մի քանի անհատներ և դա մեր մեկնաբանելու խնդիրը չէ, Երևանում այսօր Բուլղարիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Չեմ հավատում, թե հանկարծ Ադրբեջանում անհագուրդ ցանկություն է առաջացել Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու։ Նախկինում՝ նախորդ տարիներին, Ադրբեջանը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել խնդրին խաղաղ լուծում տալու, բայց, ցավոք, նրանց գործողությունները հանգեցրել են նրան, որ հիմա մենք կարող ենք խոսել միայն կորցրած հնարավորությունների մասին: Անկախ նրանից՝ Ադրբեջանում նախագահական, թե խորհրդարանական ընտրություններ կլինեն, դրանք արտահերթ կլինեն, թե ժամկետների մեջ, Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է հանգուցալուծվել միայն մեկ պարագայում, եթե Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական, անիրատեսական ակնկալիքներից բանակցությունների արդյունքների նկատմամբ», — հայտարարեց նախագահը։

Նախագահը նաև հավելեց՝ մինչև նրանք այդ մոտեցումից չհրաժարվեն, այլ շարունակեն մնալ անուրջների գրկում, զառանցեն Երևանը կամ Զանգեզուրը գրավելու մասին, Հայաստանը որևէ հույս չի կարող տածել, որ խնդիրը կարող է լուծվել։

«Բազմաթիվ անգամ հայտարարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ ՄԽ առաջարկությունների ներքո բանակցություններն ինտենսիվացնել, լարվածությունը թուլացնել և հասնել խնդրի լուծմանը: Բայց, ցավոք, մեր ասածները դեռ մնում են ցանկություններ», — ասաց նախագահը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ադրբեջանական ԶԼՄ-ները աղավաղում են Բուլղարիայի պաշտոնական մոտեցումը ԼՂ խնդրի կարգավորման հարցում, նախագահն արձագանքեց.

«Ես պարոն նախագահին շնորհակալություն եմ հայտնել Բուլղարիայի հավասարակշռված դիրքորոշման համար: Բուլղարիան բոլոր ատյաններում միշտ սատարել է Եվրամիության դիրքորոշումը և միշտ կողմնակից է եղել խնդրի խաղաղ կարգավորմանը: Հասկանում եմ, թե ինչու է ձեզ մոտ այդպիսի հարց առաջացել: Կարծում եմ՝ պատճառն այն է, որ Բուլղարիայի նախագահը երբ նախորդ տարվա աշնանն Ադրբեջանում էր, Ալիևը շնորհակալություն հայտնեց նրան Բուլղարիայի դիրքորոշման համար։ Ես հո գիտակցում եմ, որ դա պրովոկացիա է, իսկ մենք պրովոկացիաների չենք ենթարկվում, մենք վստահում ենք մեր բարեկամներին»:

 


Այս թեմայով