Չգրանցված աշխատողների համար կսահմանվի 250 հազ. դրամի չափով տուգանք

 Այսօր կառավարության արտահերթ նիստում քննարկեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Մի շարք առաջարկություններից բացի, նախագծով նախատեսվում է վերականգնել հանրային սննդի կազմակերպման ոլոր­տում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման դեպ­քե­րում կիրառվող տարբերակված պատասխանատվության միջոցները՝ հաշվի առնելով այն, որ 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի կազմակերպման գործունեության մասով հարկային պարտավորությունները հաշվարկվելու են իրացման շրջանառության հիման վրա:

Առաջարկվում է սահմանել, որ ՀԴՄ-ների առավելագույն գինը հաստատում է հար­­կա­յին մարմնի ղեկավարը:

Ապրանքների դրոշմավորման համակարգի հետ կապված ևս առաջարկություններ կան, որով նախատեսվում է աղը հանել դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկից, քանի որ այստեղ ստվե­րային շրջանառությունների ընդգծված ռիսկ չկա, և բացի այդ, աղի դրոշմավորումն առա­ջաց­նում է տեխնոլոգիական բնույթի խնդիրներ, մինչև 50 գրամանոց կարագը, սուրճը, թեյը, շոկոլադը հանել դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկից, քանի որ այս փոքր ապրանքները հիմնականում վաճառվում են տուփե­րով, հետևաբար դրանց առանձին-առանձին դրոշմավորումը գործնականում բարդու­թյուն­ներ է առաջացնում տնտեսավարող սուբյեկտների համար, թռչնի մսի, պանրի, կաթնաշոռի, մսամթերքի, ձկնեղենի համար մինչև 10 տոկոս շեղումը չդիտարկել դրոշմավորման կանոնների խախտում, քանի որ այս ապրանք­ներն իրաց­ման փուլում օբյեկտիվորեն կորցնում են քաշի որոշակի մաս:

Առաջարկվում է ակցիզային դրոշմանիշերի տրամադրման առավելագույն քանակությունները վերանայել՝ 5 միլիոն հատը ծխախոտի համար դարձնել 20 միլիոն հատ, 300 հազ. հատը ալկոհոլի համար դարձնել 1,2 միլիոն հատ, քանի որ ներկայումս առկա սահմանաչափերը հնարավորություն չեն ընձեռում, որպեսզի ապահովվի այս ապրանքների ներմուծ-ման ու իրացման շղթայի անընդհատությունը:

Առաջարկվում է չգրանցված աշխատողների համար սահմանել միասնական 250 հազ. դրամի չափով տուգանք՝ ներկայումս սահմանված՝ չգրանցված աշխատողների քանա­կից կախ­ված տարբերակված տուգանքների փոխարեն, քանի որ ներկայումս սահմանված տուգանքները մի կողմից ստեղծում են կոռուպցիոն ռիսկեր, մյուս կողմից՝ հնարավորություն չեն ընձեռում արդյունավետ պայքար մղել չգրանցված աշխատող պահելու երևույթի դեմ:

Այս թեմայով