Չափդ ճանաչի, ականջներդ կկտրեմ, լակոտ. բնապահպանության նախարարը հունից դուրս եկավ

RA Minister of Nature Protection Aram Harutyunyan gives a press conference«Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ մարտի 25-ին տեղի ունեցած սկանդալի ժամանակ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը չկարողանալով իրեն զսպել «հիվանդ» է անվանել միջազգային բնապահպանական կոնֆերանսի ժամանակ դահլիճ ներխուժած բնապահպան ակտիվիստներից մեկին, իսկ մյուսին սպառնացել, թե «ականջներդ կկտրեմ»։

Ակտիվիստներն  իրենց հետ տարել էին Սյունիքի մարզի Գեղի գետի ջուրը, որը թունավորվում է Հանքասարի հանքավայրի պոչամբարի նյութերով, եւ բաժակներով առաջարկել են խմել համաժողովին մասնակցող էներգետիկայի ու բնական պաշարների, բնապահպանության և էկոնոմիկայի նախարարներին։

«Առանց հասկանալու, առանց գրագիտություն իմանալու, առանց պատկերացնելու խոսում եք, իմացեք՝ որտեղ ինչ եք խոսում, հիմարություններ դուրս չտաք»,- վրդովված ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը իրեն շրջապատած ակտիվիստներին։ Երբ նրանցից մեկը հիշեցրեց նախարարության նախկին աշխատակից Արծրուն Պեպանյանի բնորոշումն այն մասին, որ բնապահպանության նախարարությունը գերեզմանոց էր», Արամ Հարությունյանը հունից դուրս եկավ. «Չափդ ճանաչի, ականջներդ կկտրեմ, լակոտ»։

«Դուք ընդամենը շինարար եք, գնացեք ասֆալտ գցեք, բնապահպանությունը թողեք մասնագետներին։ Դուք ընդամենը կարողանում եք ավիրել։ Դուք վերացրել եք Ջերմուկի ազգային պարկը»,- վրդովված գոռում էր բնապահպան ակտիվիստ Աննա Շահնազարյանը։ Նախարարը միայն կրկնում էր. «Դուք հիվանդ եք»։

Ի դեպ, բնապահպանները թունավորված ջուր առաջարկեցին նաեւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին եւ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին, որոնք ավելի զուսպ արձագանքեցին։ Վահրամ Ավանեսյանը ջրից հետաքրքրությամբ հոտ քաշեց, նույնիսկ մոտեցրեց շրթունքներին, բայց այդպես էլ չհամարձակվեց խմել։

Հիշեցնենք, որ «Պատասխանատու հանքարդյունաբերության հաստատում. մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով միջազգային կոնֆերանսին մասնակցում են ՀՀ-ում ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի դեսպանները, մի շարք միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Դիտվել է 90 անգամ
 


Այս թեմայով