Ուղիղ. Ցուցարարները փակում են փողոցները

Իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի իշխանավարումը երկարաձգելու դեմ պայքարի դուրս եկած ցուցարարներին գլխավորող՝ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը և իր կողմնակիցները այսօր առավոտյան փակեցին Երևանի Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկը՝ թույլ չտալով տրանսպորտի երթևեկությունը Բաղրամյան պողոտայով:

Ակցիայի շրջանակներում «Երիտասարդական» կայարանի մոտ մի խումբ ցուցարարներ փորձել են խոչընդոտել մետրոպոլիտենի աշխատանքը, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։

Նրանք փորձել են մետրոյի գնացքի դռների արանքում կանգնել և այդպիսով դադարեցնել մետրոպոլիտենի աշխատանքը, սակայն ոստիկանները նրանց դուրս են բերել մետրոյի կառամատույցից, իսկ ավելի ուշ նաև կայարանից։

Նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց բոլոր քաղաքացիներից պատճառված անհանգստության համար՝ մեկնաբանելով, որ իրենք նման քայլի են դիմում, որպեսզի պայքարեն Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, որը, Փաշինյանի խոսքով, ավելի մեծ անհարմարություն կլինի ապագայում:

Նա կոչ արեց սկսել անհնազանդության զանգվածային գործողություններ:

 


Այս թեմայով