Ուկրաինայի նախագահը բռնությունների համար պատասխանատվությունը դրել է ընդդիմության վրա

ուկրաինաՈւկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հորդորել է ընդդիմության առաջնորդներին հեռու մնալ «ծայրահեղականներից»:

Այս հայտարարությամբ նախագահ Յանուկովիչը հանդես է եկել Ուկրաինայի ընդդիմության հետ երեքշաբթի լույս չորեքշաբթի օրն անցկացված բանակցություններից հետո, որոնց արդյունքներով որևէ առաջընթաց չի գրանցվել: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»;

Յանուկովիչն իր հայտարարության մեջ մեղադրել է ընդդիմությանը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունեցած բռնությունների մեջ՝ միաժամանակ ասելով, թե «դեռևս ուշ չէ վերջ տալու հակամարտությանը»:

Հակակառավարական ցուցարարների և ոստիկանության ուժերի միջև Կիևում փետրվարի 18-ին սկսված բախումների հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ: Զոհվածների թվում է ոստիկանության մի քանի ծառայող, որոնց մահը վրա է հասել հրազենային կրակոցների հետևանքով:

Ընդդիմության առաջնորդներ Վիտալի Կլիչկոն և Արսենիյ Հացենյուկը հանդիպում են ունեցել Ուկրաինայի նախագահի հետ փետրվարի 19-ի վաղ առավոտյան, որից հետո սակայն ասել են, որ բանակցությունների արդյունքներով երկրում ստեղծված ճգնաժամին որևէ լուծում չի գտնվել:

Կլիչկոյի համաձայն, Յանուկովիչը հրաժարվել է հետ քաշել Կիևի Անկախության հրապարակ՝ Մայդան ուղարկված ոստիկանության հատուկ ուժերը:

«Ես շատ դժգոհ եմ, քանի որ որևէ քննարկում տեղի չի ունեցել, և նախագահը պարզապես չի ցանկանում լսել ընդդիմությանը: Նրանք պարզապես չեն ցանկանում լսել. նրանց կարծիքով՝ գոյություն ունի միակ մեկ միջոց, այն է՝ ընդդիմությանը և բոլոր ցուցարարները պետք է դադարեցնեն բողոքի ցույցերը, այդ է ասել նախագահը: Այժմ սակայն դադար տալը չափազանց կարևոր է», — ասել է Կլիչկոն:

Դիտվել է 30 անգամ
 


Այս թեմայով