Ուկրաինայի հաջողությունը նաև Հայաստանի և Մոլդովայի հաջողությունն է. Սաակաշվիլի

SM_saakashvili2Ուկրաինայի ազատության հաջողությունը նաև Վրաստանի, ինչպես նաև Հայաստանի ու Մոլդովայի ազատության հաջողությունն է: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս -Ուկրաինան», այս մասին դեկտեմբերի 7-ին ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ ելույթ ունենալով Կիևի Անկախության մայդանում՝ իր աջակցությունը հայտնելով Ուկրաինայի եվրաինտեգրմանը:

«Եթե մենք միասին չլինենք, կրեմլյան մարդասպանը կոչնչացնի մեզ առանձին-առանձին, իրար հետևից: Այսօր դուք պաշտպանում եք ոչ միայն ձեր և Ուկրաինայի ապագան, այլև՝ բոլորիս ապագան»,- հայտարարել է նա:

Սաակաշվիլին նաև հասկացնել է տվել, որ Մաքսային միությունը «կործանում և կոռուպցիա» է: «Կասկած չկա, որ ձեր հաղթանակը կփոխի մեզ և Ռուսատանին: Ուկրաինայի հաղթանակը վերջ կդնի Պուտինի ռեժիմին, իսկ դասագրքերում կգրեն, որ Ռուսական կայսրության գոյությունը դադարեց Եվրամայդանում»,- ընդգծել է Վրաստանի նախկին նախագահը:

Հատկանշական է, որ Սաակաշվիլիի ելույթ է ունեցել ուկրաիներենով:

Ինչպես փոխանցում է «Գրուզիա օնլայնը», Սաակաշվիլիին Կիևում տեղի ունեցած մամուլի ասուլիսին նշել է. «Վրաստանի օրինակով կարող եմ ասել, որ Պուտինը ոչինչ հենց այնպես չի ասում: Եթե նա սպառնալիքներ է ուղարկում, ապա իրականացնում է դրանք: Մի անգամ նա ինձ ասաց. «Եվրոպայի ձեր ընկերները շատ լավ բաներ են խոստանում, սակայն երբեք դրանք չեն իրականացնում: Ես ձեզ ոչ մի լավ բան չեմ խոստանում, բայց միշտ իրականացնում եմ»: Ներկայում նա Ուկրաինային շատ վատ բաներ է խոստացել»:

Կիևում և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում տեղի են ունենում բողոքի ակցիաներ և ցույցեր։ Դրանք սկսվել են նոյեմբերի 21-ին՝ երկրի կառավարության՝ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու որոշման ընդունումից հետո։ Դրանք նոր թափ ստացան այն բանից հետո, երբ նոյեմբերի 29-ին Ուկրաինան այդպես էլ չստորագրեց համաձայնագիրը: Նոյեմբերի 30-ի առավոտյան Ուկրաինայի ոստիկանության հատուկ ջոկատայինները մահակների և արցունքաբեր գազի օգնությամբ ցրեցին «Եվրամայդանը»: Սակայն դեկտեմբերի 1-ին ընդդիմությունը նորից ներխուժեց Կիևի Անկախության հրապարակ՝ չնայած այն բանին, որ Կիևի շրջանային վարչական դատարանը որոշում էր ընդունել 2013թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2014թ. հունվարի 7-ը արգելել ցույցեր անցկացնել մայրաքաղաքի կենտրոնում:

Դիտվել է 144 անգամ
 


Այս թեմայով