Ութ օֆշորային երկիր «սև ցուցակից» դուրս կգա

ԵՄ երկրների ներկայացուցիչները հանդես են եկել «սև ցուցակից» ութ օֆշորային երկիր հանելու առաջարկով, հայտնում է Reuters գործակալությունը:

Գործակալության տվյալներովՙ ցանկից կարող են հանվել Պանաման, ԱՄԷ-ն, Հարավային Կորեան, Բարբադոսը, Գրենադան, Մակաոն, Մոնղոլիան և Թունիսը:

Նշվում է, որ ԵՄ-ում խորհուրդ են տվել հանել այդ երկրները «սև ցուցակից», քանի որ նրանք համաձայնել են փոխել իրենց հարկային քաղաքականությունը:

Դիտարկվում էր նաև ցանկից Բահրեյնի հեռացումը, սակայն երկիրն ի վերջո որոշել են թողնել ցանկում:

Ցանկի կրճատման առաջարկը ԵՄ երկրների դեսպանները կքննարկեն չորեքշաբթի՝ հունվարի 17-ին, իսկ հաջորդ շաբաթ, ինչպես սպասվում է, այն կընդունեն Եվրամիության ֆինանսների նախարարները:

Հիշեցնենք, որ 2017 թվականի դեկտեմբերին Եվրամիությունը հաստատել է օֆշորային գոտիներ ունեցող երկրների ցանկ, որում ընդգրկվել է 17 երկիր: Այդ որոշումը կայացվել է Panama Papers անունով օֆշորային փաստաթղթերի հերթական արտահոսքից հետո:

Այս թեմայով