Ուզում ենք աշխարհ շուռ տալ, կստացվի, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա. Կարեն Կարապետյան

Կարեն ԿարապետյանԱյո, ուզում ենք աշխարհ շուռ տալ, կստացվի, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա. Արցախի Տիգրանակերտ բերդ-ամրոցում տված մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման իր հայտարարությանը:

«Ինչո՞ւ հենց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որովհետև արդյունավետությունը շատ է, կտրուկ փոփոխություն անելու շանսը՝ մեծ»,- ասաց նա:

Վարչապետն օրինակ բերեց, թե գյուղատնտեսության ոլորտի համար երկար ու ծանր աշխատանք պետք է անեն և իհարկե գիտեն, որ գյուղատնտեսությունը ՀՆԱ-ի մեջ մեծ աճ ու կտրուկ փոփոխություն չի կարող տալ: «Իսկ ո՞ր ոլորտն է, որ կարող է ֆիշկա լինել, կտրուկ աճ տա՞լ, ոլորտներից մեկը դա է»,- ասաց նա:
ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ, ըստ Կարապետյանի, իրենց խոսակցությունն անավարտ մնաց և նա տեղեկացրեց, որ պայմանավորվել են երեքշաբթի ևս հանդիպել:

«Բիզնեսն ասում է, իրեն ինչ է պետք, որ ինքը հեղափոխություն անի, ինչ է ակնկալում, մենք էլ ասում ենք մեր ուժը, կարողությունները թույլ են տալիս, թե՝ չէ: Իրականում մենք շատ համարձակ առաջարկություն ենք արել, կադրերը կան, հիմա մենք պետք է հասկանանք, թե ինչպես կադրերի հետ համատեղ կառավարենք, ընդ որում՝ մենք պատրաստ ենք համատեղ կառավարել»,- ասաց նա:

Կարեն Կարապետյանը, ի դեպ, նկատեց, թե իր այդ աշխարհը շուռ տալու մասին խոսքերից հետո հիմա էլ կասեն, թե՝ «բա՞ չասեցիր աշխարհ ենք շուռ տալու, բա ո՞ւր ա շուռ չտվեցիր»: «Այդ իսկ պատճառով այդ հարցով ասեմ, ինչ է եղել, ուզո՞ւմ եմ աշխարհ շուռ տալ՝ հա, բայց խոսքը ՏՏ ոլորտի մասին է, որովհետև մեծ ներուժ ունի, բայց հանգիստ նստել է, գնում է առաջ: Հիմա այդ ոլորտը կարող է թափ ստանալ, և փորձում ենք մեկս մյուսին բզելով առաջ տանել»,- ասաց նա:

Կարեն Կարապետյանը ծանոթացել է ներկայացված ծրագրերին, դեռ գոհ չէ: «Նշել եմ, որ հետաքրքիր են, բայց ինձ այս ոլորտի համար նման ծրագրեր չեն պետք: Մենք պայմանավորվել էինք, որ պետք է բերեն և ասեն, թե ինչ քայլեր ենք անում, որ ոլորտը փոխվի»,- ասաց նա:

Դիտվել է 242 անգամ
 


Այս թեմայով