Ու՞մ սպառնաց Նիկոլ Փաշինյանը

Ու՞մ սպառնաց Նիկոլ Փաշինյանը

Հունիսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում մասնավորապես ասել էր.  «Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։

Սա թերեւս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի’ արեք։ Պարզապես մի’ արեք»:

Այս հայտարարությունը անհանգստացրել էր լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպաններին և կազմակերություններին: Իրավապաշտպանները կարծում են, որ վարչապետի հայտարարությունը ոչ միանշանակ կարող է ընկալվեր և կարող է խնդիրներ ստեղծել լրագրողների գործունեության համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասով՝  «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեյի» նախագահ Աշոտ Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ցանկացած իշխանություն պետք է առավել հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերի լրատվամիջոցների հրապարակումների և դրանցում տեղ գտած գնահատականների նկատմամբ։ Եվ այս առումով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործածած «հակապետական քարոզչություն» և «մի’ արեք, պարզապես մի’ արեք» կոչը կարող է գնահատվել որպես միջամտություն հեռուստաընկերությունների գործունեությանը կառավարության ղեկավարի կողմից։

Թերևս տեղին կլիներ, եթե վարչապետը մատնանշեր իր նկատի ունեցած հեռուստաընկերությունների հաղորդումներում էթիկական նորմերի բացահայտ խախտումները և դիմեր ԶԼՄ-ների ինքնակարգավորման Դիտորդ մարմնին՝ փորձագիտական եզրակացություն ստանալու համար։ Սա լավագույն նախադեպը կարող էր դառնալ մեր հեղափոխական երկրում ԶԼՄ-ներին վերաբերող վեճերը լուծելու համար։ Ասածս թող ընդունվի որպես առաջարկ՝ և’ ներկա, և’ նախկին իշխանություններին»։

Իսկ  Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Լիանա Դոյդոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ միանում է Աշոտ Մելիքյանի հայտարաությանը:

Ամեն դեպքում, այս պահին դեռևս անհասկանալի է, թե որն էր վարչապետ Փաշինյանի հայտարարության մոտիվացիան, որը նման էր նաև սպառնալիքի:

Ի վերջո, ի՞նչ հասկանալ հակապետական քարոզչություն ասելով: Ո՞վ է որոշելու, թե որն է հակապետական քարոզչությունը և որը ոչ:  Այս հայտարարությունը, եթե անգամ չհետևի կոնկրետ գործողություններ լրատվամիջոցների նկատմամբ, ապա առնվազն կկաշկանդի լրատվամիջոցներին, քանի որ ամեն պահի իրենց կարող են այցի գալ իրավապահները և տեղեկացնել, որ տվյալ լրատվամիջոցը «հակապետական քարոզչությամբ է զբաղվում»:

Այս թեմայով