Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Որ ուղղությամբ կկրակի Նախիջեւանի Սմերչը

Որ ուղղությամբ կկրակի Նախիջեւանի Սմերչը

arm144170768645lragir.am-ը գրում է

Քրդական բանվորական կուսակցության ջոկատները գրոհել են Թուրքիայի ու Նախիջեւանի սահմանային անցակետը: Դա անհանգստացրել է Ադրբեջանին: Բաքուն այդ կապակցությամբ անհանգստություն արտահայտել է դեռ հուլիսին, երբ նոր էր բռնկվել թուրք-քրդական բախումը եւ քրդերը մի շարք գործողություններ էին իրականացրել Նախիջեւանին սահմանակից հատվածում: Համենայն դեպս, մի քանի շաբաթ առաջ Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն այդ երկրի տոնի կապակցությամբ հայտարարել էր, թե Թուրքիան միշտ կպաշտպանի Ադրբեջանի սահմանները :

Նախիջեւանը վերածվել է Հարավային Կովկասի «կույրաղիքի», թե աշխարհագրական դիրքի, թե վարչա-քաղաքական ու պատմական կարգավիճակի առումով: Այն ֆորմալ առումով Ադրբեջանինն է, բայց նույնպես ֆորմալ պայմանագրային պատմական իրավունքներ ունեն Ռուսաստանն ու Թուրքիան: Նախիջեւանում կա թուրքական զորք: Ռուսաստանը Նախիջեւանին հետեւում է Հայաստանի տարածքից: Պատահական չէ, որ Հայաստան այցերից մեկի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայ-ադրբեջանական սահմանագոտի այց անվան ներքո այցելել էր հենց Նախիջեւանի սահմանագոտի, թեեւ այդ սահմանագոտին թերեւս ամենահանգիստն է բոլոր գոտիներից:

Փորձագետների գնահատմամբ, Նախիջեւանում հսկայական է Թուրքիայի ազդեցությունը, տեղի բնակչությունն ապրում է Թուրքիայի տնտեսական հնարավորությունների հաշվին: Միաժամանակ հայտնի է, որ Նախիջեւանում կա թուրքական զինուժ՝ Ադրբեջանի հետ համազորային բանակի կարգավիճակով:

Հայտնի է նաեւ, որ Ադրբեջանը Նախիջեւանում է տեղակայել Ռուսաստանից ձեռք բերած զանգվածային ոչնչացման Սմերչ համակարգերի մի մասը: Նախիջեւանից ուղիղ գծով դեպի Երեւան Սմերչի համազարկի հեռավորություն է: Կասկած չկա, որ Ալիեւի համար Նախիջեւանը ռազմավարական գոտի է հենց Հայաստանի «թիկունքում» լինելու իմաստով:

Թուրք-քրդական լարումը Բաքվի մոտ անհանգստություն է առաջացնում Նախիջեւանի թիկունքի իմաստով: Հարց է առաջանում, թե արդյոք իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում Նախիջեւանում տեղակայված Սմերչերը չեն կրակի քրդական բնակավայրերի կամ դիրքերի ուղղությամբ:

Իհարկե, դա իրադարձությունների ամենատեսական զարգացումն է, քանի որ առայժմ չկա որեւէ նախադրյալ, որը կվկայեր Նախիջեւանի հարցում որեւէ բեկումնային քայլի կամ մտադրության մասին, այդ թվում ԱՄՆ-ի եւ Նախիջեւանի հանդեպ եւս մեծ ուշադրություն ցուցաբերող Իրանի պարագայում:

Նախիջեւանը դիտվում է որպես երկաթուղային հաղորդակցության ուղի, մասնավորապես այն պատճառով, որ այնտեղով է անցել Խորհրդային Հայաստանն Իրանի սահմանին կապող երկաթուղին, որը շարունակվում էր մինչեւ Բաքու: Թե ինչ վիճակում է ներկայում այդ երկաթուղին, դժվար է ասել: Միաժամանակ նկատելի չէ, թե ում է դա հետաքրքրում: Համենայն դեպս, առայժմ չկա նախադրյալ, վկայություն, որ այդ հանգամանքը հետաքրքրում է որեւէ աշխարհքաղաքական սուբյեկտի:

Կարդալ ավելին

Դիտվել է 2,021 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy