Որտեղից ձեզ մի քանի միլիոնանոց առանձնատունը. Փաշինյան

նիկոլԱյսօր Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը Ազգային ժողովում ներկայացրեց Վերահսկիչ պալատի 2014 թվականի գործունեության հաշվետվությունը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Վերահսկիչ պալատը Հայաստանում կոռուպցիայի, չարաշահումների դեմ միտված կարևորագույն օղակներից մեկն է: «Ես արդեն մի քանի տարի այս դահլիճում փորձում եմ հասկանալ Ձեր մի քանի միլիոն դոլար արժողությամբ առանձնատան ծագումնաբանությունը, որովհետև դա կարևոր է  Ձեր գործունեության վստահելիության աստիճանը գնահատելու համար»,- ասաց նա և նկատեց, որ Իշխան Զաքարյանը 2013 թվականին «168 ժամին» տված հարցազրույցում բացատրել է, որ այդ տան համար անհրաժեշտ գումարները տրամադրել է  ընկերը՝ սփյուռքահայ Ալբերտ Բոյաջյանը, իսկ վերջինս ավելի վաղ  նշել է, որ այդ գումարները տրամադրել է իր համար տուն կառուցելու համար:

«Կարո՞ղ եք հասկանալի պարզաբանել, թե ինչպես է ստացվել, որ մարդը Ձեզ փող է ուղարկել իր համար տուն կառուցելու համար, սակայն Դուք տունը կառուցել եք Ձեզ համար»,- ասաց նա: Իշխան Զաքարյանը նշեց, որ «168 ժամին» ինքը հանգամանալից տվել է այդ հարցի վերաբերյալ պարզաբանում և Ալբերտ Բոյաթյանը ևս իր տված հարցազրույցում հանգամանալից խոսել է այդ մասին: «Ինքը հաճախակի լինում է ՀՀ-ում և եթե ցանկություն կա, մի օր  ես կարող եմ հանգիստ կազմակերպել, որ ինքը այդ ամենի մասին  շատ ուղիղ խոսի և ասի»,— ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Իշխան Զաքարյանը շարունակաբար խուսափում է իր հարցերին պատասխանելուց։ «Ալբերտ Բոյաթյանը պարտավոր չի իմ հարցերին պատասխանել, Դուք պարտավոր եք պատասխանել»,- ասաց նա և հարց բարձրացրեց, թե ինչու  այդ մարդը չի բողոքում: «Արդյո՞ք այն պատճառով չի բողոքում, որ Հայաստանում ինքը Ձեր օգնությամբ որոշակի օբյեկտներ է սեփականաշնորհել: Ի վերջո, այս հարցին մի անգամ պատասխանեք, հասկանանք անցնենք առաջ»,- ասաց նա:

Իշխան Զաքարյանը կրկնեց, որ Ալբերտ Բոյաթյանը հստակ ասել է, թե ինչի համար է տրամադրվում այդ գումարները և ինչ պետք է կառուցվի: Ինչ վերաբերում է սպորտային կառույցների սեփականաշնորհմանը, ապա ՎՊ ղեկավարն ասաց, որ Ալբերտ Բոյաթյանը Ծաղկաձորի մարզահամալիրի մի մասը սեփականաշնորհել է այն ժամանակ, երբ շատ գումարներ է դրել ավիրված տնտեսությունը վերականգնելու համար, իսկ հետո նոր սեփականաշնորհել:

 


Այս թեմայով