Home » ՄԱՄՈՒԼ » Որտեղից են գալիս միլիոնները. Փաշինյանի շուրջ սկանդալ է հասունանում

Որտեղից են գալիս միլիոնները. Փաշինյանի շուրջ սկանդալ է հասունանում

նիկոլ«Մինչ Նիկոլ Փաշինյանը, որպես Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի ղեկավար, ակտիվորեն ներգրավված է Հրազդանի քաղաքապետի ընտրության գործընթացում, անախորժ ամպեր են կուտակվում նրա նորաստեղծ կուսակցության ներսում:
Մեր ունեցած տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում դժգոհություններ են խմորվում, ու այդ դժգոհությունները մի քանի շարժառիթ ունեն:
Շարժառիթներից առաջինը փողն է: Բանն այն է, որ կուսակցության ակտիվիստների կարծիքով, «Քաղաքացիական պայմանագրի» ֆինանսական շարժը այնքան էլ «թափանցիկ» չէ: Նրանցից ոմանք մտավախություն ունեն, թե Նիկոլ Փաշինյանը կուսակցության գործունեությունը ֆինանսավորելու լուրջ աղբյուրներ ունի, որոնք, սակայն, մնում են խորհրդավոր, ինչն էլ հարցերի և դժգոհության տեղիք է տալիս:
Հնարավոր է, որ ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանն այնքան էլ չէր կատակում, երբ ասում էր, թե Նիկոլ Փաշինյանն իրականում իրենց «ախպերն ա»: Այսինքն՝ դժգոհողները չեն բացառում, որ Ն.Փաշինյանին կարող է և իշխանության ինչ-որ շրջանակներ կամ իշխանության հետ առնչություն ունեցողներ որոշ չափով ֆինանսավորում են:
Ուրիշներն էլ կարծում են, թե կարող է գործարար Խաչատուր Սուքիասյանն է որոշ չափով օգնում:
Հիմնական մտահոգությունն էլ այն է, որ խորհրդավոր ֆինանսավորողներն ինչ-որ պահի իրենց ցանկացած կողմ կուղղեն կուսակցության գործունեությունը: Ու կստացվի, որ նոր կուսակցության ձևավորման ու քաղաքական դաշտում հաստատվելու վրա աշխատած ակտիվիստները ինչ-որ մեկի «մեծ խաղի» շարքային մասնակիցներն էին և նրանց պարզապես օգտագործում էին այդ «մեծ խաղի» համար:
Այս ամեն ինչի մեջ հետաքրքիրն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ֆինանսական աջակցություն ցույց տալու համար անցած ամիս հանգանակություն էր կազմակերպվել:
Եվ այդ կուսակցության տարածած տեղեկատվության համաձայն, մոտավորապես 5 միլիոն դրամ էր հավաքվել. 4,8 միլիոն դրամ հանգանակվել էր և կես միլիոն դրամի էլ խոստում էր եղել: Բայց ասում են, որ այդ հանգանակությունը ֆինանսական թափանցիկության տպավորություն ստեղծելու շղարշ էր, շեղող մանևր:
Այդպիսի ենթադրությունների պատճառն այն է, որ հանգանակված գումարը հազիվ կարող է հերիքել Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովայի պողոտայում, կուսակցության գրասենյակի համար վարձակալած տարածքի երեք-չորս ամսվա վարձը մուծելուն: Իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» միայն նշված գրասենյակի տարածքի վարձ չի մուծում, այլև ուրիշ ծախսեր էլ է անում, օրինակ, տարածքային գրասենյակներ է ստեղծում և պահում:
Ծախսերի կարիք է առաջանում նաև ընտրական գործընթացների հետ կապված: Հանգանակված գումարը, առանց լրացուցիչ ֆինանսական միջոցների, այդ բոլոր ծախսերի համար բավարար չէ:
Բայց փողի հետ կապված խնդիրներով անախորժությունները չեն ավարտվում:
Մի ուրիշ գլխացավանքի պատճառ է դառնում «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական կուսցուցակը: Դա դեռ պիտի կազմվի, բայց արդեն «Քաղաքացիական պայմանագրի» ներսում դեռևս խուլ դժգոհությունների խմորման առիթ է դարձել:
«Քաղաքացիական պայմանագիրը», որ հայտարարել է 2017-ի ԱԺ ընտրություններին միայնակ, առանց դաշինքի մասնակցելու մասին, իշխանության գալու կամ ամենաքիչը՝ շոշափելի հաջողություն գրանցելու հավակնություններ է ցույց տալիս: ԱԺ հաջորդ ընտրությունները 100 տոկոս համամասնական են լինելու, այսինքն՝ կուսակցական ցուցակներով:
Ու Նիկոլ Փաշինյանը, այդ հավակնություններից ելնելով, բազմաթիվ մարդկանց այդ ցուցակում տեղ է խոստացել: Ակնհայտ է, որ ցուցակը «կախարդական» կամ «բեզռազմեռ» չէ, ու, նույնիսկ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» հաջողության հասնի, բոլորի հերթը պատգամավորի մանդատին չի հասնի: Եվ ցուցակում «անցողիկ տեղի» խոստում ստացածներն անհանգստացած են, որ իրենց մտադիր են «քցել»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ «Հայոց Աշխարհ» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 473 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy