Home » ՄԱՄՈՒԼ » Որտե՞ղ է պետականության վտանգի արմատը

Որտե՞ղ է պետականության վտանգի արմատը

hayk-xanumyan«Ժամանակ» թերթը գրում է. «Որեւէ քաղաքական ենթատեքստ չկա: Քանի ընդդիմադիր ունենք, որոնք ոչ պակաս քննադատություն են իրականացնում, բայց անձնապես երբեւիցե որեւէ մեկին չեն վիրավորում: Սա Ղարաբաղն է, պատերազմով անցած ժողովուրդ ենք, չի կարելի, որ մեկը շահարկի, թե ընդդիմադիր է, չնայած այդ ընդդիմադիր… վերապահումով կարելի է մոտենալ այդ ամենին: Երեւի մի բան արել է, էլի: Երեւի մեկին անպատվել է, մի վատ բան է ասել, ինչ-որ մեկն էլ չի դիմացել», Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանի հանդեպ կատարված բռնության մասին ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Այլ կերպ, Դավիթ Բաբայանը փաստացի ասում է, որ Խանումյանը «վաստակել» է ծեծը: Բաբայանը դա փաստացի «արդարացնում» է Արցախի պատերազմական գոտի լինելու եւ Խանումյանի «սադրիչ» լինելու հանգամանքով:

Եթե Խանումյանը «սադրիչ» է եւ «անպատվել» է որեւէ մեկին, ապա դրա համար կա դատարան: Արցախը կարծես թե սահմանադրական պետություն է, որն ունի իրավական պետության բոլոր ինստիտուտները, ընթացակարգերը: Որեւէ անպատվություն պետք է պատասխանատվության ենթարկվի դատարանում, ոչ թե փողոցում: Նվազագույնը տվյալ պետության նախագահի խոսնակը եւ իշխանության որեւէ ներկայացուցիչ պետք է հանրությանը մատուցի հենց այդ մտածողության օրինակներ, ոչ թե հակառակը:

Գուցե արժե կատարել Սահմանադրության փոփոխություն, եւ Արցախը հռչակել քաղաքական հատուկ ռեժիմի տարածք, որպեսզի այդ տարածքում քաղաքական կամ քաղաքացիական գործունեություն ծավալողները կամ այդպիսի մտադրություն իրականացնողները չմոլորվեն:

Միաժամանակ, իշխանությունն էլ սեփական քաղաքացիների, պետությունում իրերի վիճակի, զարգացումների համար կկրի համարժեք պատասխանատվություն: Այլապես ստացվում է, որ առկա պատասխանատվությունը «ժողովրդավարական», «ազատական» ռեժիմի համար է, իսկ իրական վիճակը գտնվում է լիովին հակառակ ռեժիմում:

Միեւնույն ժամանակ, Արցախի նախագահի խոսնակի բացատրությունը հիշեցնում է Հայաստանում հնչած մի ուշագրավ եւ խոսուն բացատրություն, երբ 2001 թվականին Երեւանի «Առագաստ» սրճարանում Հայաստանի նախագահի թիկնազորի ներկայացուցիչները բռնություն գործադրեցին ու սպանեցին Պողոս Պողոսյանին: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Չարենցավան այցի ժամանակ հայտարարեց, թե ուներ ասելու բան՝ եթե Պողոսյանը մահացած չլիներ, բայց քանի որ Պողոսյանը մահացել է, կլռի: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը նախագահի մակարդակով փաստացի արդարացնում էր նրա հանդեպ բռնությունը, ինչի արդեն իրավական դրսեւորումը եղավ այն, որ բռնություն գործադրած եւ մարդ սպանած թիկնապահը որեւէ օր չհայտնվեց անազատության մեջ:

Արցախի նախագահի խոսնակը, ի դեպ, հետաքրքրական զուգադիպությամբ էլ Արցախի նախագահը հունիսի 6-ին Չարենցավանում է եղել, հանդիպել այնտեղ ապաստանած թալիշցիներին, փաստացի ազատորեն արտահայտվում է բռնության ենթարկվածի հասցեին, քանի որ նա ողջ է մնացել:

Փաստացի, այստեղ արտահայտվում է «էլիտայի» ներկայացուցիչների մտածողության բնույթը՝ պարզ դարձնելով, որ բանն այստեղ միայն Արցախի առանձնահատկությունը չէ, այլ ընդհանրապես հայկական պետականության միջավայրում բռնության մշակույթի խորությունն ու տարածությունը: Ընդ որում՝ գուցե թվա տարօրինակ, սակայն այստեղ իրավիճակը ունի «դրամի հակառակ» կողմի խնդիր, երբ, օրինակ, քաղաքական ընդդիմության շատ ներկայացուցիչներ էլ քաղաքականության մեջ արտահայտվում են հակառակ ծայրահեղությամբ՝ թե իրենց բան ասող չի կարող լինել, իրենց «աչքի վրա ունք» լինելու մասին ասողը չի ծնվել եւ այլն: Դա եւս բռնության մշակույթի արտահայտություն է, գործընթացները այդ հարթության վրա պատկերացնելու արտահայտություն: Այսինքն՝ մարդիկ փորձում են խաղալ հանրության այն ենթագիտակցության վրա, որ իրենք «ծեծվող» չեն, որ իրենց վրա իշխանության «ուժը չի պատի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 69 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy