Որոշ շտաբներում կային ընտրողների ցուցակներ` քաղաքացիների հասցեներով, հեռախոսներով. Րաֆֆի Հովհաննիսյան

Ընտրակաշառքի մասին տեղեկատվություն ենք  ստացել քաղաքացիների կողմից, ինչը փոխանցել ենք իրավապահներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ  ահազանգող քաղաքացին չի  ցանկացել, որ իր անունը հրապարակվի: Րաֆֆի  Հովհաննիսյանն ասաց, որ որոշ շտաբներում եղել են նաև ընտրողների ցուցակները, տեղեկություններ՝ բնակարան առ բնակարան, հեռախոսահամարներով:

«Հույս ունեմ, որ հետագայում բոլոր ուժերը կունենան այդ ցուցակներին հասանելիություն, կամ ոչ ոք քաղաքացիների բնակարանների հասցեների և հեռախոսահամարների հասանելիություն չի ունենա,  իսկ «Ժառանգությունն» այդ ցուցակներին հասանելիություն, վստահաբար ասում եմ, չունի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Վերջինս ասաց, որ չի ցանկանում գնահատականներ տալ,  բայց հավասար պայմաններ  պետք է լինեն բոլոր ուժերի համար:

Անդրադառնալով խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտության վերաբերյալ հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ կողմնակից են, որպեսզի ընտրությունները որքան հնարավոր է՝ շուտ լինեն:

«Միշտ հակված եղել ենք այլ ուժերի հետ համագործակցության, դա ենթադրում է մյուս ուժերի համաձայնություն: Մենք կտեսնենք, թե այս ընտրություններն ինչպես կանցնեն, ակնկալում ենք, որ շատ ակտիվ կլինենք և արդեն մինչև խորհրդարանական ընտրությունները ելնելով իրավիճակից՝ կորոշենք, թե ինչպես մասնակցել»,-շեշտեց  նա:

Այս թեմայով