«Որեւէ ոստիկանի սուլթանի կարգավիճակ շնորհված չէ, որ իր կոշիկի ծերը պաչեն». Նաիրա Զոհրաբյան

նաիրա«Քաղակտիվիստների բերման ենթարկումը Երեւանում զինված հարձակումից հետո. իրավական գնահատականներ» թեմայով քննարկման ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը հայտարարել էր, որ երկուշաբթի օրը բերման ենթարկված քաղաքացիներին ոչ միայն ծեծի են ենթարկել, այլ նաեւ ստորացրել.«Զորամասում կոնցլագերային պայմաններ են եղել, բոլորին տարել, լցրել են մի դահլիճի մեջ, ռազմագերու կարգավիճակով պահել են, իսկ ում հետ  հին հաշիվներ են ունեցել, դուրս են հանել դահլիճից՝ դրսում ծեծի ենթարկել: Դավիթ Սանասարյանի ու մի քանի երիտասարդի նկատմամբ խոշտանգման երեւի ամենավերին աստիճանն է եղել, այդ ծեծի հետեւանքով Սանասարյանը ոչ միայն  ուղեղի ցնցում է ստացել, այլ նաեւ՝ ստորացում: Ստիպել են, որ տղաները համբուրեն ոստիկանների կոշիկները, թքել են տղաների վրա, դե հայհոյանքների տեղատարափի մասին խոսելն անիմաստ է»,-հայտարարել էր նա:

Այս կապակցությամբ Politik.am-ը զրուցեց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ.«Ես շոկ ապրեցի` ծանոթանալով Դանիելի հայտարարությանը: Եթե այդ ամենը ճիշտ է, իսկ ես Դանիելին ճանաչում եմ եւ վստահ եմ, որ նա չի կարող սուտ տեղեկատվություն տարածել, ապա սա այլանդակության ամենամեծ աստիճանն է»,- Politik.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն` անդրադառնալով «Իրազեկ քաղաքացի միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի երեկ արած հայտարարությանը:

 «Անհապաղ պետք է պատժվեն նաեւ այն ոստիկաններն, ովքեր իրենց նման այլանդակություն են թույլ տվել: Ոստիկանն իրավունք չունի նվաստացնելու ՀՀ քաղաքացուն` անկախ նրանից կիսո՞ւմ է տվյալ քաղաքացու քաղաքական հայացքները, թե՞ ոչ: Ոստիկանի գործը օրենքի սահմաններում կարգը պահպանելն է, ոչ թե ՀՀ քաղաքացուն ծեծելը, նվաստացնելը եւ կոշիկը համբուրել տալը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ այս ամենին անհապաղ պետք է լինի նաեւ ոստիկանության արձագանքը. «Հայաստանը սուլթանատ չէ: ՀՀ որեւէ օրենսգրքով, որեւէ ոստիկանի սուլթանի կարգավիճակ շնորհված չէ, որ իր կոշիկի ծերը պաչեն: Զարմանալի է, որ մինչ այս պահը չկա ոստիկանության արձագանքը: Եթե հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, ապա առաջին շահագրգիռը ոստիկանությունը պիտի լիներ` նման ճորտատիրական կարգերին բնորոշ երեւույթն արագ հերքելու համար»:

 

 

Դիտվել է 337 անգամ
 


Այս թեմայով