Ով ինչ պաշտոն կզբաղեցնի 2018 թ.-ի ապրիլից. Սերժ Սարգսյանի պլանը

Հետևելով մամուլում հայտնված տեղեկություններին, որոնք փորձում են հերքել իշխանությունները, կարելի է ենթադրել, թե քաղաքական ինչ իրավիճակ կլինի 2018թ.-ին, և ապրիլից սկսած ով որտեղ կլինի և ինչ պաշտոն կզբաղեցնի: Այս պարագայում պետք է նկատել, որ Սերժ Սարգսյանը չի դառնա վարչապետ՝ այդ կերպ պահելով իր խոստումը, որպեսզի հասարակության առաջ ավելորդ հարցերի պատասխանելու կարիք չլինի, ինչպես նաև իր դեմ  ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիա չգեներացնի:

Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում կփորձի նշանակել մի այնպիսի անձի, ով իր ամբողջ կեսագրությամբ պարտական է Սարգսյանին և քաղաքական իր ամբողջ ճանապարհն անցել է գործող նախագահի հետ, և կարելի է ասել,  այդ անձը կլինի Սերժ Սարգսյանի վարչապետը կառավարությունում և կկատարի  այն հրահանգները, որոնք կստանա Սերժ Սարգսյանից:

Այս պահին վարչապետի պաշտոնում դիտարկվում է Պնախարար Վիգեն Սարգսյանի թեկնածությունը, քանի որ վերջինս համարվում է Սերժ Սարգսյանի կադրը, և հենց այդ պատճառով է, որ վերջինս հայտնվեց Պաշտպանության նախարարությունում: Առաջին հերթին այդ ամենն արվեց Պաշտպանության նախարարությունը Սերժ Սարգսյանի անմիջական վերահսկողության տակ պահելու, և երկրորդ՝ սա ինչ-որ առումով ելակետ է վարչապետի պաշտոնը հետագայում վերցնելու համար:

Վիգեն Սարգսյանի վարչապետությամբ Սերժ Սարգսյանն առաջին հերթին կփորձի կատարել իր խոստումը՝ չառաջադրվելով վարչապետի պաշտոնում, երկրորդ՝ կառավարությունը կպահի իր հսկողության ներքո, և այս դեպքում մեծ նշանակություն չի ունենա՝ Սերժ Սարգսյանն անմիջապես ի՞նքն է վարչապետը, թե՞ ոչ: Եվ ի վերջո պետք չէ մոռանալ, որ 2017 թ.ի ապրիլին կայացած ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածուների համապետական ընտրական ցուցակ գլխավորում էր Վիգեն Սարգսյանը։

Շատ կարևոր է նաև փոխվարչապետերի հարցը, և արդեն իսկ մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ նրանցից մեկը կլինի Արթուր Բաղդասարյանը, ով կառավարության կապը կպահի Ռուսաստանի հետ, ինչպես նաև կփորձի կարգավորել ռազմատեխնիկական ոլորտը:

Մամուլում հայտնված այլ տեղեկությունների համաձայն՝ փոխվարչապետի մյուս հավանական թեկնածուն Կարեն Կարապետյանն է, ով կզբաղվի տնտեսական բլոկին առնչվող խնդիրներով՝ այդ դաշտը պահելով իր ձեռքում: Երրորդ փոխվարչապետ կարող է չլինել, և այդ հանգամանքը կախված է հետագա զարգացումներից, չնայած որ շրջանառվող տեղեկություններն առիթ են տալիս կարծելու, որ այդ պաշտոնի առկայության դեպքում այն կզբաղեցնի ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, և եթե վերջինս համաձայնվի կրկին գնալ կառավարություն, այս անգամ որպես փոխվարչապետ, ապա, ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը կգնա դրան՝ փորձելով  Աբրահամյանի վերահսկողության ներքո գտնվող ուժերին իր իշխանության դեմ չլարել և իրեն լոյալ պահել:

Հաջորդ կարևոր նշանակումները պետք է լինեն ուժային կառույցներում, և այս համատեքստում, ըստ ամենայնի, ԱԱԾ պետ կշարունակի մնալ Գեորգի Կուտոյանը, ինչպես նաև, ամենայն հավանականությամբ, ԱԱԾ-ին կմիանա ոստիկանությունը, ինչպես որ նախկինում եղել է։ Սերժ Սարգսյանն այս սուպերնախարարությունը ևս կփորձի պահել իր վերահսկողության ներքո, քանի որ, ինչպես Վիգեն Սարգսյանի դեպքում, Կուտոյանի դեպքում ևս այս անձն իր ամբողջ քաղաքական կենսագրությամբ պարտական է Սերժ Սարգսյանին, և Կուտոյանի միջոցով նախագահը կկարողանա իր ձեռքի տակ պահել այս երկու կարևորագույն կառույցները, որոնք մեծ նշանակություն ունեն իշխանության պահպանման հարցում:

 Պաշտպանության նախարարի պաշտոնը, որը թափուր կմնա Վիգեն Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո, այս պարագայում ևս Սերժ Սարգսյանը կփորձի իր վերահսկողության տակ պահել այս պաշտոնը՝ նախարար նշանակելով Վովա Գասպարյանին: Նախ Գասպարյանը նախկինում կապ ունեցել է պաշտպանության նախարարության հետ, եղել է Ռազմական ոստիկանության պետը և բավականաչափ ծանոթ է ոլորտին։ Երկրորդ՝ նա արդեն երկար տարիներ է՝ ինչ ղեկավարում է ոստիկանությունը, և Պաշտպանության նախարարության ղեկավարումը իր համար խորթ աշխատանք չի լինի:

Պաշտպանության նախարարի նշանակմամբ կավարտվեն նշանակումները կարևորագույն պաշտոններում, իսկ մնացյալ պաշտոններում կնշանակվեն Սերժ Սարգսյանին հավատարիմ դեմքեր, որոնք էական նշանակություն չեն ունենա երկրի քաղաքական կյանքում:

Այս ֆոնին չի բացառվում, որ Սահմանադրական դատարանի նախագահ նշանակվի Հրայր Թովմասյանը, ով նաև սահմանադրական բարեփոխումների հիմնական պատասխանատուներից մեկն էր։ Այս կերպ Սերժ Սարգսյանը վերջինիս վարձահատույց կլինի:

ՀՀ նախագահի պաշտոնը, որը բավականաչափ սիմվոլիկ է լինելու, զբաղեցնելու է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, սակայն այս դեպքում պլանները կարող են փոխվել, եթե Աժ-ում ներկայացված ընդդիմությունը փորձի համագործակցել Սերժ Սարգսյանի հետ՝ ցանկանալով ստանալ նախագահի պաշտոնը, ապա շատ հավանական է, որ Սերժ Սարգսյանը զիջման կգնա, և նախագահի պաշտոնը տրամադրի ընդդիմությանը: Ի վերջո, նախագահն իշխանության ներսում շատ հարցեր չի կարողանալու լուծել, բայց ինչ-որ իմաստով այն ընդդիմությանը կտա որոշակի լծակներ ունենալու պատրանք:

Մնացյալ պաշտոնները կտրվեն հանրապետականներին և ոչ հանրապետականներին, և Սարգսյանը այս կերպ կփորձի հանրապետության քաղաքական դաշտում առկա բոլոր քաղաքական ուժերին ինչ-որ չափով հասանելի դարձնել իշխանական կերակրատաշտը, որպեսզի բացառի որևէ տեսակ ընդվզումն իր գծագրած պլանի դեմ :

 

 


Այս թեմայով