Ով է «սարքել» էպոսագետի գլխին. Վ. Սեդրակյանի նոր սենսացիոն բացահայտումները՝ 2-րդ նամակում

vvv-180x180«Առաջին լրատվական»-ի ձեռքի տակ է հայտնվել ԱԱԾ մեկուսարանում պատիժը կրող նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի ձեռքով գրված նամակի երկրորդ հատվածը, որտեղ վերջինս շարունակում է ուշագրավ բացահայտումներ անել Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի դեպքին ՊՆ ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ալիկ Աբրահամյանի ու նրա որդու՝ Էդուարդ Աբրահամյանի մասնակցության վերաբերյալ, ինչպես նաև վերջիններիս կողմից իր ընտանիքի, ավագ որդու նկատմամբ իրականացված սպառնալիքների ու հետապնդումների վերաբերյալ:

Նամակն ամբողջությամբ՝ ստորև

«Դեռևս 90-ականների կեսերից սկսել եմ ուսումնասիրել նախ հայկական, իսկ հետո նաև ռուսական, պարսկական, գերմանական, հունական, հնդկական և էլի շատ ժողովուրդների հերոսական էպոսները: Հայտանաբերել եմ հազարամյակների խորքը գնացող կապեր, որոնք կապել են հայ ժողովրդին վերոնշված ժողովուրդների հետ: Իմ վերլուծությունները ներկայացրել եմ միջնակարգ դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Սեմինարներով հանդես եմ եկել նաև Իրանում, որտեղ ներկայացրել եմ հայկական էպոսը և հայական ու պարսկական էպոսների կապերը: Սեմինարներ եմ ունեցել նաև Ռուսաստանում, որտեղ ներկայացրել եմ հայկական էպոսն ու հայ-ռուսական էպոսների կապերը: Իմ վերլուծությունների արդյունքում եկել եմ այն եզրակացության, որ Հայաստանը, Ռուսաստանն ու Իրանը դեռևս շատ մեծ անելիքներ ունեն, և համատեղ անցնելու ճանապարհ համաշխարհային քաղաքական թատերաբեմում: 2013 թվականի փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրություններին մասնակցել եմ նպատակ ունենալով հասարակությանը ներկայացնել իմ գաղափարներն ու ծրագրերը: Հիմանական շեշտը դրել եմ ՀՀ արտաքին քաղաքականության վրա: Խոսել եմ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի ու Հնդկաստանի ռազմաքաղաքական դաշինքի մասին:«АРИИ – Армения, Россия, Иран, Индия»: Այս դաշինքի կայացման համար որպես առաջին քայլ նշել եմ Հայաստանի միացումը նոր ստեղծվող Մաքսային միությանը, իսկ այնուհետև նաև Եվրասիական միությանը: Հետագայում Հայաստանը պետք է Իրանի հետ ռազմավարական պայմանագիր ստորագրեր: Հաջորդ քայլով, ձեռքի տակ ունենալով հայ-ռուսական և հայ-իրանական պայմանագրերը, պետք է ստեղծվերՀայաստան-Ռուսաստան-Իրան դաշինքը: Կենտրոնը պետք է լիներ Երևանը: Ավելի ուշ պետք է ստեղծվեր հայ-հնդկական, ռուս-հնդկական և իրան-հնդկական պայմանագրեր: Այս երկկողմ պայմանագրերը պետք է հիմք հանդիսանային Հայաստան-Ռուսաստան-Իրան-Հնդկաստան քառակողմ դաշինքի ստեղծման համար: Նույն տրամաբանությամբ պետք էր հետագայում քառյակին միացնել նաև Հունաստանին:

Երկրների ընտրությունը պատահական չէր: Որպես հիմք ընդունվում էր այդ ազգերի ծագումնաբանությունը: Ստեղծվելու էր գենետիկական հիմքի դրված ռազմաքաղաքական դաշինք:Խոսել եմ նաև Արցախի և արցախյան պատերազմի ժամանակ ազատագրված տարածքները Հայաստանի անբաժանելի մաս հռչակելու մասին: Ինչպես նաև Նախիջևանի վերամիավորումը Հայաստանի հետ: Սա բացի պատմական արդարության վերականգնումից, տալիս էր նաև Հայաստան-Իրան երկաթուղի, որը կարևոր գործոն է ապագայում ստեղծվելիք ռազմավարական դաշինքի համար:Խոսել եմ նաև Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան ցամաքային պետական սահման ունենալու անհրաժեշտության մասին: Այս բոլոր ծրագրերի մասին խոսել եմ նաև 2007 թվականի գարնանը, երբ մասնակցել եմ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններինհ, առաջադրվելով Կոտայքի մարզի N26 ընտրատարածքում:

2013թ. հունվարի 31-ին տեղի ունեցածից հետո, մեկ շաբաթ անց, փետրվարի 7-ին ձերբակալվեցին Սամվել Հարությունյանն ու Խաչատուր Պողոսյանը: ԶԼՄ-ով նրանց ներկայացնելուց հետո իլուր աշխարհի հայտարարվեց, որ նրանք իմ աշխատողներն են: Ո՞ւմ էր պետք իմ անունը կապել այս ամենի հետ: Ինչպես պարզվեց հետագայում, ոչ նախաքննությունը իրականացրած մարմինը, ոչ էլ դատաքննությունը չտվեցին այն հարցի պատասխանը, թե ինչպե՞ս է պարզվել, որ հենց այս երկուսն են եղել հանցագործները: 2013 թ. մարտի 5-ին ձերբակալեցին ինձ: Դրանից հետո քարոզարշավի ժամանակ իմ լիազոր անձ գրանցված Էդուարդ Ափրահամյանը բազմիցս դիմել է կնոջս, դրմա վերցնելու նպատակով: Մի անգամ էլ վերցրել է 2.000.000 դրամ, պատճառաբանելով իր հոր հիվանդության բուժման ծախսերը:

Հետագայում նախ կնոջիցս, իսկ հետո էլ իմ փաստաբան Ալիկ Սիրոնյանի միջոցով ինձնից պահանջել է 300.000 ԱՄՆ դոլար: Նա ասել է, թե իբր ես իրեն պարտք եմ 3.000.000 դոլար, սակայն եթե ես իրեն տրամադրեմ գոնե գումարի մեկ տասներորդ մասը, այսինքն 300.000 դոլար, ապա իր հայրը Ալիկ Ափրահամյանը կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, և ես մեկ շաբաթվա ընթացքում ազատ կարձակվեմ: Ես մերժել եմ, որովհետև ոչինչ պարտք չեմ: Դրանից հետո սկսել է իմ ընտանիքին վախեցնելու երկար պրոցես: Նախ հեռախոսով և համացանցով սպառնալից նամակներ : Հետո ոմն Կամո է զանգահարել կնոջս և ասել, որ եթե ես չտամ իրենց պահնջված գումարը, ապա հետևանքները ծանր կլինեն իմ, և իմ ընտանիքի համար:

Այս ամենից հետո Էդուարդ Ափրահամյանը իմ փաստաբանին ասել է, որ դա իր հոր ուղարկած մարդիկ են արել: Իսկ այն բանից հետո, երբ Առաջին Ատյանի դատարանը ինձ դատապարտեց 14 տարվա ազատազրկման, Էդուարդ Ափրահամյանը իմ փաստաբանին ասել է, որ դա իր հոր արածն է, որ եթե ես չտամ թեկուզ 1 00.000 դոլար, ապա իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի Վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողնի դատավճիռը: Իմ ընտանիքի վրա գործադրված ճնշումների և տղայիս վրա կատարված հարձակման մասին կինս գրավոր դիմել է ՀՀ ԱԱԾ: Դիմումը կնոջս հետ քննարկել է ԱԱԾ ոմն սպա Եպիսկոպոսյան, որն էլ կնոջս ցինիկաբար հայտարարել է, թե միգուցե մարդիկ իրենց փողն են ուզում: Եվ Ազգային Անվտանգության ծառայությունը ոչինչով չի կարող օգնել իմ ընտանիքին: Ավելորդ չեմ համարում նշել, որ Խաչատուր Պողոսյանը, նրա կինը և Սամվել Հարությունյանը հենց դատարանում հայտարարել են, որ հենց Եպիսկոպոսյանը ու Մարուքյանն են ստիպել, որ իրենք ցուցմունք գրեն միասին, թե իբր հենց Վարդան Սեդրակյան է իրենց ասել որ պետք է վախեցնել Հայրիկյանին: Այն բանից հետո, երբ ես դիմեցի Վերաքննիչ դատարան, կնոջս հետ երկու անգամ հանդիպել է Էդուարդ Ափրահամյանի հայրը, որը ասել է, թե ես իր որդուն պարտք եմ 1.500.000 դոլար: Կնոջս այն հարցին, թե ինչպես է նրա որդու ասած 3.000.000 դոլարը կիսով չափ պակասել, Ալիկ Ափրահամյանը ասել է, թե իբր որդին կարողացել է իմ ծանոթներից վերականգնել պակասող մասը, որը բացարձակ սուտ է: Նա նաև ասել է, թե իբր իր տղային վերջերս զանգահարել է ինչ որ Արտաշ՝ Մոսկվայից: Այս Արտաշը իբր ասել է, որ իմ ծանոթն է և օրերս կգա Երևան և իրենց կտա ևս 500.000 դոլար: Ալիկ Ափրահամյանը ասել է, որ հիմա իրեն պետք է 1.000.000 դոլար և եթե ես այդ գումարը տամ իրեն, ապա ինքը կհանդիպի ՀՀ նախագահի հետ և Վերաքննիչ դատարանը ինձ կարդարացնի: Կինս ասել է, որ ես Արտաշ անունով ոչ մի ծանոթ չունեմ և մենք էլ շատ կուզեինք տեսնել այդ մարդուն:

Երկրորդ հանդիպման ժամանակ կինս հարցրել է, թե ի՞նչ եղավ այդ Արտաշը, բերե՞ց այդ գումարը: Ալիկ Ափրահամյանը տվել է անորոշ խուսափողական պատասխան: Նա նորից պահանջել է մեկ միլիոն դոլար: Հակառակ դեպքում ինձ հետ հաշվեհարդար կտեսնեք կտեսնի բանտում, կամ էլ գաղութում: Որտեղ էլ,ո ր ինձ տեղափոխեն: Եվս մեկ անգամ նշել է, որ ինձ դատապարտելը իր ձեռքի գործն է, եվ կարող է ամեն րոպե ՀՀ նախագահի միջոցով ինձ ազատել: Այս մասին հայտարարել եմ Վերաքննիչ դատարանի նիստի ժամանակ:

Օգտվելով ԱԱԾ-ի անգործությունից, երբ ես դիմել էի Վերաքննիչ դատարան, Էդուարդ Ափրահամյանը մի քանի հոգու հետ երկրորդ անգամ է հարձակվել ավագ որդուս վրա: Ավելորդ չեմ համարում նշել, որ ԱԱԾ Քննչական վարչության պետ Մ. Մարուքյանը, նախաքննության ժամանակ, իմ փաստաբանի ներկայությամբ բազմիցս ասել է,ո ր ինքը գիտի, որ ես ոչ մի կապ չունեմ տեղի ունացածի հետ, բայց եթե ինձ ազատի, ապա իրեն կդատեն ակնհայտ անմեղ մարդուն ձերբակալելու համար:Նա ինձ համոզում էր, որ ես ցուցմունք տամ, թե իբր Սամվելին և Խաչատուրին իսկապես ասել եմ, որ պետք է վախեցնել Հայրիկյանին: Նա ասում էր,որ Քրեական օրենսգրքով վախեցնելու համար պատիժ չկա: Ինձ կդատեն ընդամենը ապօրինի զենք ձեռք բերելու համար և ես երկու, ամենաշատը երեք տարի հետո ազատության մեջ կլինեմ: Այս ամենը եղել է իմ փաստաբանի ներկայությամբ, եվ ես միշտ էլ մերժել եմ, որովհետև հիմա էլ հայտարարում եմ, որ ոչ մի կապ չունեմ հունվարի 31-ի կրակոցների հետ:

Մնում է պարզել, թե ինչու Մարուքյանին, Եպիսկոպոսյանին և Ալիկ Ափրահամյանին պետք էր ինձ փակել բանտում:: Եվ նախ վտանգելով նախագահական ընտրությունները, հետագայում էլ իրենց քայլերը կապել նախագահի հետ, շահարկելով նրա անունը: Այս ամենը ես նախորոք գրել էի…»:

Դիտվել է 160 անգամ
 


Այս թեմայով