Ով է մեղավոր մանկահասակ աղջկա մահվան համար

f546d1bc0341a7_546d1bc03459a.thumb_-300x2002015 թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Գ. Ավետիսյանի, շարունակվեց երկու տարեկան երեք ամսական Լիա Միսակյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների և ամբաստանյալների պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքների քննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նշանակված նախորդ դատական նիստին վերաքննիչ բողոքով հանդես էր եկել ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, սակայն այն ավարտին չէր հասցվել՝ մեկ այլ գործով դատական նիստ նշանակված լինելու պատճառով: 2015թ. դեկտեմբերի 21-ի դատական նիստին մասնակցում էին գործով մեղադրող Դավիթ Կարապետյանը, տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանը, վերջինիս ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը, ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանը և Զարինե Այվազյանը և վերջիններիս պաշտպաններ Գիվի Հովհաննիսյանն ու Երեմ Սարգսյանը: Զ. Այվազյանի պաշտպան Ե. Սարգսյանը, շարունակելով իր վերաքննիչ բողոքը, հիմնավորումներ ներկայացրեց գործով կատարված դիակի դատաբժշկական փորձաքննության և կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների՝ որպես ապացույց անթույլտարելիության, ինչպես նաև դիակի դատաբժշկական փորձաքննությունը կատարած փորձագետի անձեռնհասության  վերաբերյալ: Վերաքննիչ բողոքով Ե. Սարգսյանը միջնորդեց՝ բեկանել ստորադաս դատարանի դատավճիռը, հռչակել Զ. Այվազյանի անմեղությունը, նրան ճանաչել անպարտ և արդարացված, իսկ նշված խնդրանքի բավարարումն անհնար համարելու դեպքում՝ բեկանել ստորադաս դատարանի դատավճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության: Միաժամանակ, Ե. Սարգսյանը միջնորդեց ճանաչել դիակի դատաբժշկական փորձաքննության և կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների՝ որպես ապացույց անթույլատրելիությունը, ինչպես նաև գործով հարցաքննել հանձնաժողովային փորձաքննության հանձնաժողովի նախագահ Արգամ Հովսեփյանին: Հիշեցնենք, որ նման միջնորդություններով հանդես էր եկել նաև Լիլիթ Վարդանյանի շահերի պաշտպան Գ. Հովհաննիսյանը, ով միջնորդել էր նաև գործով որպես վկա ներգրավել և հարցաքննել հերթապահ բուժքույր Լուսինե Մինասյանին: Ե. Սարգյանի վերաքննիչ բողոքի հրապարկումից հետո դատավարության մասնակիցները ներկայացրին վերաքննիչ բողոքների դեմ իրենց առարկությունները: Դատախազ Դ. Կարապետյանն իր առարկություններում անդրադարձավ ամբաստանյալների արարքում հանցակազմի տարրերի առկայության հիմնավորմանը:  Նա իր խոսքում նշեց, որ դատաքննության ընթացքում հարցաքննված փորձագետները, այդ թվում նաև՝ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության փորձագետները, նշել են, որ ցուցված բուժում իրականացնելու դեպքում փրկվելու հավանականությունը կլիներ 70 տոկոս: Նա գտավ, որ ամբաստանյալների գործողությունների և Լիա Միսակյանի մահվան միջև առկա է անմիջական պատճառական կապ: Դ. Կարապետյանը խնդրեց մերժել ամբաստանյալների պաշտպանների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները: Տուժողի իրավահաջորդ Գ. Միսակյանը նշեց, որ «Արաբկիր» ԲԿ-ում Լիա Միսակյանը, բացի ջերմիջեցնողներից, որևէ այլ բուժում չի ստացել, նրա ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանն էլ հավելեց, որ բժիշկ Լ. Վարդանյանը, չնայած նրան, որ նշանակել է մի շարք անալիզներ, հետևողական չի եղել դրանց իրականացմանը, ինչի արդյունքում անալիզների մի մասն արվել է ուշացումով, իսկ մյուս մասն ընդհանրապես չի կատարվել, մինչդեռ բուժող բժիշկները կրում են միջին բուժանձնակազմի աշխատանքների վերահսկման պարտականություն: Այսպիսով, Տ. Սիրադեղյանը նույնես խնդրեց մերժել ամբաստանյալների պաշտպանների կողմից բերված վերաքննիչ բողոքները: Տուժող կողմի վերաքննիչ բողոքի դեմ առարկություներ ներկայացրին ամբաստանյալների պաշտպանները: Գ. Հովհաննիսյանը նշեց, որ դատավճռի հրապարակումից հետո Լ. Վարդանյանի կողմից էմոցիոնալ դաշտում կատարված հայտարարությունը չի կարող դրվել լրացուցիչ պատիժ նշանակելու հիմքում, քանի որ այն չի քննարկվել առաջին ատյանի դատարանում, իսկ Զ. Այվազյանի պատշտպան Ե. Սարգսյանն էլ նշեց, որ իր պաշտպանյալը շարունակում է աշխատել «Արաբկիր» ԲԿ-ում, և այդ ընթացքում նրա կողմից սխալներ թույլ չեն տրվել, ուստի՝ վերացել է լրացուցիչ պատիժ կիրառելու անհրաժեշտությունը: Այսպիսով, ամբաստանյալների պաշտպանները խնդրեցին մերժել տուժող կողմի վերաքննիչ բողոքը, իսկ ամբաստանյալները միացան իրենց պաշտպանների դիրքորոշմանը: Առարկությունները ներկայացնելուց հետո Դատարանը փորձեց պարզել, թե արդյոք կողմերն ունեն լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու միջնորդություններ: Մեղադրանքի կողմն այդպիսի միջնորդություններ չներկայացրեց, իսկ ամբաստանյալ Լ. Վարդայանի պաշտպանը պնդեց վերաքննիչ բողոքով ներկայացված միջնորդությունները, որոնց դեմ առարկեցին ինչպես մեղադրող դատախազ Դ. Կարապետյանը, այնպես էլ տուժողի իրավահաջորդն ու վերջինիս ներկայացուցիչը: Տ. Սիրադեղյանը նշեց, որ պաշտպանը չի հիմնավորել այն հանգամանքը, որ ստորադաս դատարանը նույն բովանդակությամբ ներկայացված միջնորդությունները մերժել է անհիմն, բացի դրանից՝ նշեց, որ որևէ հիմք չկա Լուսինե Մինասյանին հարցաքննելու համար, քանզի նրա՝ գործին առնչվող էական տեղեկությունների տիրապետելու վերաբերյալ ոչ մի հիմք չկա, իսկ Արգամ Հովսեփյանի պարագայում, հարցաքննվել են նրա կողմից ղեկավարած փորձագիտական հանձնաժողովի բոլոր անդամները, ուստի՝ խնդրեց մերժել ներկայացված միջնորդությունները: Դատարանը, քննության առնելով ներկայացված միջնորդությունները, որոշեց մերժել Լուսինե Մինասյանին որպես վկա հրավիրելու և հարցաքննելու միջնորդությունը, իսկ մյուս միջնորդությունների քննարկումը հետաձգեց՝ դրանք խորհրդակցական սենյակում քննարկելու նպատակով՝ հայտնելով, որ բավարար հիմքերի դեպքում Դատարանը կաշկանդված չէ գործի վարույթը վերսկսելու հարցում: Նոր ապացույցներ ներկայացնելու միջնորդությամբ հանդես եկավ Ե. Սարգսյանը: Վերջինս նշեց, որ պնդում է վերաքննիչ բողոքում ներկայացված միջնորդությունները, սակայն դատարանի կողմից Գ. Հովհաննիսյանի ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ դիրքորոշումից պարզ է, որ իր կողմից նույն պահանջով ներկայացված միջնորդությունների քննարկումը ևս պետք է հետաձգվի, հետևաբար նեկայացրեց ևս մեկ միջնորդություն՝ պահանջելով նշանակել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն՝ Լիա Միսակյանի մահվան պատճառները, բժիշկների թույլ տրված սխալները և դրանց ու մահվան միջև պատճառական կապը հաստատելու համար: Գ. Հովհաննիսյանը միացավ միջնորդությանը: Մեղադրող Դ. Կարապետյանն առարկեց միջնորդության դեմ, նշեց, որ գործով կատարված բոլոր փորձաքննությունները հիմնավորել են բժշկական սխալի առկայությունը, հետևաբար՝ ևս մեկ փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն չկա: Գ. Միսակյանը նույնպես առարկեց միջնորդության դեմ: Տ. Սիրադեղյանը նշեց, որ, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից ելնելով, պաշտպանը պետք է հիմնավորի, որ ստորադաս դատարանում օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել ներկայացնելու համապատասխան միջնորդությունը կամ այն մերժվել է անհիմն: Նա նշեց, որ այդպիսի միջնորդություն Ե. Սարգսյանը չի ներկայացրել, իսկ Դատարանն էլ որևէ կերպ չի սահմանափակել այն ներկայացնելու հնարավորությունը, ուստի խնդրեց մերժել ներկայացված միջնորդությունը ևս: Ե. Սարգսյանը հայտնեց, որ օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել ներկայացնել միջնորդությունը, քանի որ նախորդ միջնորդությունների մերժումն ինքնին վկայել է Դատարանի կանխակալ վերաբերմունքի մասին: Դատարանը, քննարկելով կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը, մերժեց այն՝ պատճառաբանելով, որ խախտվել է այդպիսի միջնորդություն ներկայացնելու՝ օրենքով սահմանված ընթացակարգը: Վերաքննիչ բողոքների քննությունը համարելով ավարտված՝ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Սույն գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտը կհրապարակվի 2015թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 10:30-ին:

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դիտվել է 96 անգամ
 


Այս թեմայով