Ովքեր են փորձում լրագրողին բերման ենթարկել

11216436_832772946811068_1567047921_nԱյս պահին ռազմական ոստիկանության աշխատակիցները գտնվում են «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի բնակարանում և պատրաստվում են նրան բերման ենթարկել: Նման անհեթեթ որոշում կայացվել է «Ժողովուրդ» օաթերթի` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետի`  Սերգեյ Հայրապետովի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկությունները հրապարակելու մասով: Հարկ ենք համարում նկատել, որ Քնար Մանուկյանն այս գործով որևէ կարգավիճակ չունի: Քննչական կոմիտեից դեռևս պարզաբանում ստանալ չհաջողվեց: Ստորև ներկայացվող ծանուցագիրն ուղարկվել է լրագրողին, և ինչպես նկատում ենք, այնտեղ որևէ կարգավիճակ, որով նա հրավիրվել է, չի նշվում: Հիշեցնենք, որ օրաթերթը, մասնավորապես, գրել է, որ 2016 թվականի մարտի 15-ին (երբ դեռ ՊՆ-ում կոռուպցիոն որսը չէր սկսվել) ՀՀ ՊՆ վարչական համալիրի մոտակայքում կաշառք ստանալու պահին ձերբակալվեց, իսկ ավելի ուշ կալանավորվեց ՀՀ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանը: Նույն օրը կալանավորվեց նաև ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ մինչ այս աղմկահարույց կալանավորումները, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի անվտանգության պետ Սերգեյ Հայրապետովը ծեծի է ենթարկել Արսեն Ղարիբջանյանին` ստիպելով «գրել» Ս. Խաչատրյանի դեմ:

Այս կապակցությամբ ՀՀ Պն մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Armlur.am կայքի կողմից տարածվում են կեղծ տեղեկություններ այն մասին, որ ՀՀ ՌՈ աշխատակիցները բերման են ենթարկում իրենց աշխատակցին: Տեղեկացնենք, որ ՀՀ ՌՈ-ը նման գործառույթ իրականացնել չի կարող: Խոսքը գնում է ՀՀ Քննչական Կոմիտեի քննիչի օրենքով նախատեսված ծանուցագրի պահանջները չկատարելու մասին»:

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի բերման ենթարկել մասին մամուլի տեղեկության հիման վրա ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է նշված հասցեով: Այս մասին հայտնում է ՄԻՊ մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը:

 

Դիտվել է 276 անգամ
 


Այս թեմայով