Ովքե՞ր եւ ինչպես են պաշտպանելու մեր Վստահված անձանց

nikol-pashinyanՕգտատեր Կարինե Վանյանը իմ ֆեյսբուքյան պաշտոնական էջում այսպիսի հարց էր հղել. «Երբ իշխանավորները տեսնեն, որ ընտրատեղամասերում հաջողությամբ գործում և իրավիճակը վերահսկում են ձեր վստահված անձինք, նրանք իհարկե հանգիստ չեն նստի և այդ մարդկանց վրա հարձակման կուղարկեն իրենց սափրագլուխ բանդաներին: Ո՞վ և ինչպես է նրանց պաշտպանելու հաշվեհարդարից: Չէ՞ որ ոստիկանները միայն խրախուսում են դրանց: Սա մտահոգիչ է անպատժելության և հանցագործներին ամենավերևից խրախուսելու այսօրվա մթնոլորտում»:

Հարգելի տիկին Վանյան, ի պատասխան Ձեր հարցի ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի օրենսդրությամբ ապօրինի հարձակումներից պաշտպանող մարմիններ են հանդիսանում ոստիկանությունը, ԱԱԾ-ն, իրավապահ մյուս մարմինները: Սա ես ընդգծում եմ հատուկ, որովհետեւ այսօրվանից մենք չպետք է որդեգրենք այնպիսի բառապաշար եւ ասելիք, որից թեկուզ թյուր տպավորություն ստեղծվի, թե համակերպվել եւ բնական ենք համարում, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն խրախուսելու են ապօրինությունները:

Մենք պետք է այսօրվանից հետեւողականորեն եւ համբերատար առաջ մղենք քաղաքական այն գիծը, որ ինչպես նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ, մենք մեզ համար, մեր Վստահված անձանց համար պաշտպանություն ակնկալելու ենք առաջին հերթին ՀՀ իրավապահ մարմիններից:

Բայց որպեսզի այս քաղաքական եւ քաղաքացիական դիրքորոշումը ոչ թե ծիծաղելի հնչի, այլ առաջիկա մեկ տարվա ընթացքում հարաճուն կերպով ամրանա եւ լրջանա, մենք պետք է ապահովենք մի նախապայման: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վստահված անձանց գործողությունները ընտրական տեղամասերում (եւ ընդհանրապես՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունը) պետք է բխեն օրենքի տառից, եւ մեր Վստահված անձինք ընտրական տեղամասերում ապօրինություններ տեսնելիս պետք է դրանց արձագանքեն այնպես, ինչպես արձագանքելու լիազորություն Վստահված անձին տալիս է Ընտրական օրենսգիրքը:

Բազմիցս բերել եմ այս օրինակը, չեմ վարանի եւս մեկ անգամ կրկնել: Ենթադրենք Վստահված անձը ականատես էլ լինում լցոնման դեպքի: Երբ, օրինակ, նա վրա է հասնում ու բռունցքով հասցնում լցոնում իրականացնողի քթին, Վստահված անձին տանում են ոստիկանության բաժին, ընտրակեղծարարին՝ հիվանդանոց: Մենք բողոքում ենք, թե բա ինչու՞ եք մեր Վստահված անձին բերման ենթարկել: Մեզ բացատրում են՝ նա մարդու քիթ է ջարդել: Բայց չէ՞ որ նա լցոնում էր իրականացնում: Նույնիսկ բազմակի սպանության համար ցմահ զատազրկման դատապարտված անձի քիթը ջարդելը հանցագործություն է: Բայց չէ՞ որ դա արվել է հանցագործությունը՝ լցոնումը կանխելու համար: Այ դա արդեն քննությունը կպարզի, կպարզի նաեւ այն, թե ինչքանով է հակագործողությունը եղել համարժեք, եւ իրավաչափ: Իսկ մեր Վստահված անձը արդեն տեղամասում չէ, եւ իշխանությունը իր խնդիրը արդեն իսկ լուծել է, ընդ որում՝ ունենալով ֆորմալ առիթ:

Հիմա, ուրեմն, ի՞նչ պետք է անեն ՔՊ երեք Վստահված անձինք տեղամասում ապօրինություն տեսնելիս: Մեր Վստահված անձանցից մեկը պետք է ֆոտո, վիդեո, անի եւ դա անմիջապես հրապարակի սոցիալական ցանցերում, մյուսը պետք է դիմի տեղամասի ոստիկանին, ահազանգի ոստիկանությանը, իսկ երրորդը պետք է գործողությունը կանխելուն ուղղված այնպիսի գործողություններ ձեռնարկի, որ ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո հակասության մեջ չեն մտնում օրենքի հետ: Սա կարեւոր նախապայման է կանխելու համար իրավապահ մարմինների ապօրինությունները եւ սա վերաբերվում է բոլոր իրավիճակներին, այդ թվում Ձեր կողմից նկարագրած:

Հիմա՝ որո՞նք է մեր Վստահված անձանց պաշտպանելու միջոցները, եթե նրանց վրա տեղի է ունեցել հարձակում: Կրկին՝ երեք Վստահված անձանցից մեկը պետք է տեղի ունեցողի մասին ցանկալի է վիդեո եւ ֆոտո տեղեկատվությունը հրապարակի սոցիալական ցանցերում, երկրորդը պետք է ահազանգի ոստիկանություն, երրորդը պետք է փորձի կազմել արձանագրություն տեղի ունեցող կամ ունեցած հարձակման մասին եւ ոչ մի դեպքում չպետք է մտնել ծեծկռտուքի ու քաշքշոցի մեջ: Սա սկզբունքային նախապայման է. Վստահված անձը բոլոր դեպքերում պետք է մնա Վստահված անձ: Նա որեւէ պարագայում չպետք է դառնա «բոյեվիկ», բիլյակով տղա, քուչի տղա, թաղի լավ տղա, «ճշտի նվիրյալ» եւ այսպես շարունակ: Վստահված անձը բոլոր դեպքերում պետք է մնա օրենքով նախատեսված իր գործառույթների շրջանակներում, եթե նույնիսկ հարձակման թիրախ է դարձել:

Սա մեզ հնարավորություն կտա իրավապահ մարմիններից պահանջել հստակ գործողություններ իրագործել՝ մեր Վստահված անձանց անվտանգությունը պաշտպանելու իմաստով: Կարող եմ բերել իմ անձնական օրինակը. երբ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում Մալաթիա-Սեբաստիա համայնքում իմ քարոզարշավը խոչընդոտվում էր, եւ հարձակումների վտանգ կար, ես մնացի պատգամավորի թեկնածուի իմ գործառույթների շրջանակներում եւ ամեն ինչի մասին ահազանգում էի ոստիկանություն: Արդյունքում, քարոզարշավի երրորդ օրից ոստիկանւթյան աշխատակիցները ինձ ուղեկցում էին ամենուր եւ ապահովում իմ անվտանգությունը: Եւ իմ Վստահված անձանց վրա տեղամասերում լայնածավալ բռություններ չեղան: Եթե չեմ սխալվում՝ տեղամասերում բռնության ոչ մի դեպք չունեցանք:

Հիմա հարց. ինչու՞ էին ոստիկանները իմ անվտանգությունն ապահովում, ինչու՞ տեղամասերում բռնությունների չէին գնում: Որովհետեւ հասկանում էին, որ մեր թիմի նկատմամբ լայնածավալ բռնությունները կարող են հանգեցնել հանրային ընդվզման: Հենց հանրային ընդվզումը, կամ նրա իրական հնարավորությունը պետք է լինի այն զսպաշապիկը, որ իշխանություններին կստիպի չլկտիանալ: Իսկ եթե նրանք այնուամենայնիվ կդիմեն լայնազանգված բռնությունների, եւ այդ բռնությունների մասին մենք կկարողանանք հավաքել դե յուրե ապացուցողական նշանակության փաստեր, մենք այդ բռնությունները, ապա նաեւ ոստիկանության անգործողությունը, ուղղակի եւ անուղղակի աջակցությունը բռնարարքների հեղինակներին՝ պետք է օգտագործենք հենց իշխանության դեմ, դրան հակադրելով ընդվզման զանգվածային ալիք, եւ այդ զանգվածային ալիքով պատժելով իշխանություններին: Ինչպե՞ս: Թավշյա հեղափոխությամբ: Ո՞րն է թավշյա այդ հեղափոխության լեգիտիմության հիմքը:

Այն, որ մեր Վստահված անձանց նկատմամբ զանգվածային եւ համակարգված բռնություններ են կիրառվել եւ դա կոնկրետ ազդեցություն է ունեցել ընտրողների կամարտահայտության վրա: Այս բռնությունների մասին մենք պետք է ունենանք դե յուրե ապացուցողական նշանակության փաստեր եւ այդ փաստերը պետք է վերաբերվեն 1997 ընտրական տեղամասերից գոնե 800-900-ին: Եւ այս փաստերի հիման վրա հանրային ընդվզման ալիք հարուցելու համար է անհրաժեշտ բոլոր փաստերը եւ տվյալները րոպե առաջ հրապարակել սոցիալական ցանցերում եւ այդ հրապարակումներից պետք է ակնհայտ լինի, անառարկելի, որ մենք գործել ենք օրենքի տառին համապատասխան, բայց մեր նկատմամբ տեղի է ունեցել աղաղակող ապօրինություն:

Նաեւ այս իրավիճակին պատշաճ արձագանքելու հնարավորություն ունենալու համար է, որ մենք պնդում ենք, որ բոլոր մարզերում, քաղաքներում, գյուղերում հարկավոր է ունենալ կուսակցության տարածքային գործուն կառույցներ, որոնք անհրաժեշտ պահին ոչ միայն պետք է օգնություն ցուցաբերեն մոտակա տեղամասում գտնվող Վստահված անձանց, այլեւ դառնան այն մոբիլիզացիոն ռեսուրսը, որի օգնությամբ մենք անհրաժեշտության դեպքում կկարողանանք հրապարակներում կենտրոնացնել տասյակ, հարյուր հազարավոր մարդկանց, եւ իրականացնել մեր իրավունքների գործնական պաշտպանությունը:

Հարգելի տիկին Վանյան: Այսուհանդերձ, թույլ տվեք նկատել, որ ես չեմ ուզում մեր Վստահված անձանց տրամադրել, թե նրանք գնում են ծեծ ուտելու: Ոչ, նրանք գնում են ընտրական պրոցեսը Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով վերահսկելու: Եւ նրանց պաշտպանության թիվ 1 մեխանիզմը ՀՀ օրենսդրությունն է: Ու որպեսզի նրանք կարողանան օգտվել օրենսդրության պաշտպանությունից, առաջինը իրենք պիտի պահպանեն օրենքի տառը: Իսկ որպեսզի պահպանեն օրենքի տառը, պիտի իմանան օրենքը: Իսկ որպեսզի իմանան օրենքը, պիտի մասնակցեն դասընթացների: Իսկ որպեսզի մասնակցեն դասընթացների, պետք է գրանցվեն որպես Վստահված անձ: Հենց այս նպատակի համար է ստեղծվել v6000.am կայքը:

Եւ թույլ տվեք նկատել. երբ իշխանությունը իմանա, որ մենք հանրային ընդվզում կազմակերպելու եւ այդ ընդվզումը թավշյա հեղափոխության վերածելու բավարար կամք եւ ռեսուրս ունենք, մեզնից ավելի շատ կմտածի մեր Վստահված անձանց ֆիզիկական անվտանգության մասին: Եթե չի մտածի, ավելի վատ իր համար: Շնորհակալություն հարցի համար:

Նիկոլ Փաշինյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ

 


Այս թեմայով