Ովքե՞ր են Կոնգրես անցած հայազգի թեկնածուները

ԱՄՆ Հայ դատի գրասենյակը (ANCA), անդրադառնալով նոյեմբերի 6-ին կայացած Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներին, տեղեկացրել է, որ Կոնգրես են անցել մի շարք հայազգի օրենսդիրներ:

Կազմակերպության ֆեյսբուքյան էջում նշվում է, որ խոսքն Աննա Աստվածատուրյան Թըրքոթի, Էնթոնի Բրինդիզիի, Աննա Էշուի և Ջեքի Սփիրի մասին է:

Հայտնի է, որ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Աննա Աստվածատուրյանն առաջադրվել էր Մեն նահանգի Ուեսթբրուք քաղաքից:

«Աննան Բաքվի ջարդերի պատճառով ընտանիքի հետ փախուստի դիմած փախստական է, որն Արցախի անկախության հարցով միջազգային հարգանք վայելող փաստաբան է: Աննան երկրորդ անգամ է Կոնգրեսի անդամ ընտրվում»,-նշվում է կայքում:

Մինչդեռ Նյու Յորքից առաջադրված դեմոկրատ Էնթոնի Բրինդիզին, որն ընտրվել է Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականների ժառանգ է: Նրա նախնիները ծնվել են Արևմտյան Հայաստանում, իսկ Ցեղասպանության ժամանակ գաղթել են Հալեպ:

Բրինդիզին ընդգծել է, որ անհամբեր սպասում է ամերիկահայ համայնքի, Կոնգրեսի ամերիկահայ ներկայացուցիչների հետ աշխատելու, հայ-ամերիկյան հարաբերությունների առաջնահերթությունների առաջխաղացմամբ, այդ թվում՝ նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով զբաղվելու հնարավորությանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ հայկական արմատներ ունեցող Աննա Էշուն և Ջեքի Սփիրը ևս վերընտրվել են Ներկայացուցիչների պալատի անդամ:

Կայքում նաև նշվում է, որ ANCA-ի աջակցությունը վայելող թեկնածուների մի մասը հաղթել է ընտրություններում: Հայամետ դիրքորոշում ունեցող թեկնածուներից Կոնգրես է անցել Բոբ Մենենդեսը:

Նշվում է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի համահեղինակ, Արցախի անվտանգության ու զարգացման հարցով ׂջատագով, Անկարայի ու Բաքվի խիստ քննադատը Սենատի անդամ է վերընտրվել:

Ներկայացուցիչների պալատ են անցել ANCA-ի աջակցությունը վայելող դեմոկրատներ Փիթեր Վիսքլոզկին, Ջիմ Բենքսը, Անդրե Քարսոնը, Ջոն Յարմութը, ինչպես նաև հանրապետական Գուս Բիլիրակիսը և մեկ տասնյակից ավելի թեկնածու:

Նշվում է, որ եթե դեմոկրատներին հաջողվի մեծամասնություն կազմել Ներկայացուցիչների պալատում, ապա կարևորագույն նշանակություն ունեցող հանձնաժողովների նախագահների պաշտոններին հավակնող հայամետ դիրքորոշմամբ օրենսդիրները թիվն ավելի մեծ կլինի: Խոսքը հետախուզության, էներգետիկայի և առևտրի, արտաքին գործերի, արտաքին հատկացումների ու մի շարք այլ հանձնաժողովների մասին է:

Միացյալ Նահանգներում նոյեմբերի 6-ին անցկացված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Սենատում առաջատար են Հանրապետական կուսակցության անդամները՝ 51 տեղ, իսկ Դեմոկրատական կուսակցության անդամները ստացել են 43 տեղ: Ներկայացուցիչների պալատում, սակայն, առաջատար են դեմոկրատները՝ 210, իսկ նախագահ Դոնալդ Թրամփի կուսակիցները՝ 191 տեղ:

CNN հեռուստաալիքի գնահատականների համաձայն՝ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները կստանան 238 տեղ, իսկ նրանց մրցակիցները՝ 197 տեղ:

 

Այս թեմայով